5 րոպեի ընթերցում

Բացահայտելով հայրենիքն՝ ամրապնդել ազգային ինքնությունը. «Քայլ դեպի տուն» ծրագիրն արդեն յոթերորդ անգամ է հնարավորություն ընձեռում սփյուռքի 13-18 տարեկան շուրջ 600 պատանու և երիտասարդի երկու շաբաթ անցկացնել Հայաստանում:
Հայտերի ընդունման փուլն արդեն ավարտվել է, այս տարի Հայաստան կժամանի 600 մասնակից՝ 27 երկրից: Նախատեսվում է ծրագիրն իրականացնել վեց փուլով՝ հունիսի 6-ից մինչև օգոստոսի 27-ն ընկած ժամանակահատվածում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում «Քայլ դեպի տուն» ծրագրի համակարգող Իսկուհի Ազիզյանը նշեց՝ այս ծրագիրը «Արի տուն» ծրագրի տրամաբանական շարունակությունն է, որի միջոցով փորձում են սփյուռքում զարգացնել և պահպանել ազգային ինքնությունը և տարիքային այդ շեմում գտնվող երեխաներին կապել Հայաստանի հետ:
«Մենք ցանկանում ենք նաև, որ սփյուռքում ապրող երեխաների շրջանում ձևավորվի գիտակցում, որ Հայաստանն իրենց հայրենիքն է, կապ չունի, թե աշխարհի որ երկրում են: Նրանք հնարավորություն են ունենում բացահայտել հայրենիքը և ամրապնդել ազգային ինքնությունը:
Հայտերի ընդունման գործընթացը սկսել էինք հունվարի 27-ից և ավարտել մարտի 12-ին, 45-օրյա ժամկետում 27 երկրից ստացել ենք 1400 հայտ: Ամեն տարի ծրագրի հանդեպ հետաքրքրվածությունն ավելի է մեծանում և հայտերի թիվն ավելանում է, որովհետև ծրագրի մասնակիցները կիսվում են իրենց տպավորություններով և ոգևորում իրենց շրջապատին: Վիճակագրություն չկա, բայց ես կարծում եմ, որ մեկ մասնակիցը հաջորդ տարվա համար պոտենցիալ երեք մասնակից ապահովող է»,-ասաց Իսկուհի Ազիզյանը:
Նա նշեց՝ հայտերն ընդունվում են ըստ ժամանակագրության, այսինքն՝ ծրագրին կարող են մասնակցել առաջին 600 գրանցվող մասնակիցները, իսկ մյուսները կարող են սպասել, քանի որ լինում են դեպքեր, որ մասնակիցներից ոմանք հրաժարվում են և իրենց փոխարեն ընտրվում է սպասման մեջ գտնվող ժամանակագրորեն հաջորդ մասնակիցը:
Ծրագրի պատասխանատուի խոսքով՝ մասնակիցների համար նախատեսված ծրագիրը ներառում է հայոց լեզվի (արևելահայերեն, արևմտահայերեն), հայրենագիտության, ազգային երգի, պարի դասընթացներ, ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կրթական հաստատություններ, հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի և արվեստի գործիչների հետ, մարզական և մշակութային միջոցառումներ:
«Մենք նաև ծրագրի շրջանակում երեխաների համար կազմակերպում ենք այցելություն կրթական հաստատություններ, որտեղ մեր մասնակիցները ծանոթանում են հայաստանյան բուհերի հնարավորություններին: Այս մի կետի շնորհիվ էլ մենք փորձում ենք երեխային մեր կրթական հնարավորություններին ծանոթացնել և հուշել, որ կարող են իրենց կրթությունը շարունակել Հայաստանում, ինչի արդյունքում ամեն տարվա համար ունենում ենք մասնակիցներ, ովքեր վերադառնում են Հայաստան սովորելու, ինչպես նաև հետո շարունակում են աշխատել և կյանքը դասավորել Հայաստանում»,- ասաց նա:
Ազիզյանը նշեց՝ մինչև Հայաստան գալը երեխաները հայտադիմումների մեջ նշում են իրենց լեզվի իմացության՝ գրելու և կարդալու մակարդակը, և այդ հարցերի միջոցով կազմվում են խմբեր և ուսուցիչներն արդեն յուրաքանչյուր խմբին համապատասխան լեզվական մակարդակով փորձում են հայերեն սովորեցնել, ինչը բավական հաջող արդյունքներ է գրանցում:
«Դասընթացների դրական արդյունքը նկատել ենք ծրագրին երկրորդ անգամ մասնակցել ցանկացող երեխաների տեսագրություններից, որտեղ երեխաներն իրենց ներկայացնում են արդեն հայերենով»,-ասաց նա:
Ծրագրի համակարգողի խոսքով՝ նախորդ տարի մասնակիցների շրջանում իրականացրել են անանուն հարցում, թե ի՞նչ կփոխեին ծրագրում և ի՞նչ առաջարկություններ ունեն՝ մեծ մասը պատասխանել էր, որ կցանկանան երկրորդ անգամ մասնակցելու հնարավորություն ստեղծվի, սակայն ծրագրի պայմաններից մեկն այն է, որ երկրորդ անգամ նույն մասնակիցը չի կարող մասնակցել, որպեսզի հնարավորություն տրվի բոլորին:
«Քայլ դեպի տուն» ծրագրի հայաստանյան մասի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը: