Շիրակի մարզից 2025-ին ներկայացվել է 31 սուբվենցիոն ծրագիր
2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզից 2025-ին Կառավարությանն է ներկայացվել սուբվենցիոն 31 ամբողջական ծրագրային փաթեթ՝ 132 ենթածրագրերով: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 8 մլրդ 100 մլն դրամ: Այդ գումարի 56․6 տոկոսը Կառավարության համամասնությունն է կազմելու։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Աշոցք համայնքը ներկայացրել է 10 ծրագիր, Ախուրյանը՝ 8, Արթիկը՝ 7 ծրագիր, Ամասիան՝ 4, Անին՝ 2։
«Նշեմ, որ 8 միլիարդից ավելի գումարի մասին ենք խոսում միայն 5 համայնքների մասով, Գյումրին դեռ ծրագրեր չի ներկայացրել՝ ավագանի չունենալու պատճառով, իսկ նախորդ տարի 3 մլրդ դրամից ավելի ծրագիր միայն Գյումրին էր ներկայացրել»,- «Արմենպրես»-ին հայտնեց Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանը։
2025-ին նախատեսվում է իրականացնել բնակավայրերի փողոցների նորոգում, ասֆալտապատում, խմելու ջրամատակարարման և ոռոգման, ինչպես նաև ջրահեռացման համակարգերի կառուցում, նորոգում, փողոցային լուսավորության համակարգի կառուցում, գազաֆիկացում, նախադպրոցական հաստատությունների կառուցում, էներգախնայող միջոցառումներ, մեքենասարքավորումների և գույքի ձեռքբերում, այգիների, պուրակների բարեկարգում և այլն։
Ներկայացնելով 2024 թվականի ընթացքում Շիրակի մարզում փաստացի իրականացված սուբվենցիոն ծրագրերը՝ պատասխանատուն նշեց, որ 2024-ին փաստացի իրականացվել և ֆինանսավորվել է 41 ծրագիր 107 ենթածրագրերով՝ 7 մլրդ 26 մլն 856 հազար դրամի շրջանակում, Կառավարությունը տրամադրել է գումարի 53.2 տոկոսը՝ 3 մլրդ 742 մլն դրամը։