8 րոպեի ընթերցում
Արդեն մեկ շաբաթ է՝ «Ուիգմոր» հիվանդանոցը հյուրընկալում է իր գործընկեր ԱՄՆ լավագույն մանկական բուժհաստատություններից մեկի՝ «Valley Children’s Healthcare»-ից ժամանած երկրորդ մասնագիտական այցը՝ մանկական նյարդաբանության ղեկավար Սեզար Սանթոսի և մանկական վերակենդանացման բուժքույր Հեդըր Թրիփի մասնակցությամբ։ Այցի թիրախում մանկական էպիլեպսիան է և վիրահատության միջոցով դրա բուժումը։
Նյարդավիրաբուժության այս բարդ, մասնագիտական բարձրագույն վարպետություն պահանջող վիրահատությունները «Ուիգմոր»-ում առաջին անգամ է իրականացվում «Ուիգմոր»-ի նյարդավիրաբուժական թիմի կողմից՝ հրավիրված մասնագետի մենթորությամբ։
«Ներկա այցի կենտրոնում էպիլեպսիայի վիրահատական բուժումն է, խոսքը դեղակայուն ձևերի մասին է, երբ ընտանիքը փակուղում է և կիրառվող բազմաթիվ դեղերի համադրությունները այլևս չեն կարողանում կառավարել ցնցումները: Այստեղ վիրահատական բուժումն է օգնում: Առաջին անգամ մեր հաստատությունում կիրականացնենք էպիլեպսիայի վիրահատություն մեր նյարդավիրաբուժական թիմի կողմից, այսինքն վիրահատող բժիշկները լինելու են մեր նյարդավիրաբույժները, իսկ որպես մենթոր և խորհրդատու հրավիրվել է նյարդաբան դոկտոր Սեզար Սանթոսը»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի բուժական գծով փոխտնօրեն, մանկաբույժ, բ.գ.թ. Հրաչուհի Ղազարյանը:
«Valley Children’s Healthcare»-ի և «Ուիգմոր» հիվանդանոցի միջև համագործակցությունը հաստատվել է 2023 թվականին երկկողմ հուշագրի ստորագրմամբ՝ ուղղված մանկական առողջապահության զարգացմանը Հայաստանում: Ամերիկյան լավագույն բուժհաստատության հետ համագործակցության շրջանակում զարգացման թիրախային ուղղություններից է մանկական նյարդաբանությունը և էպիլեպսիայի բուժումը, ներառյալ՝ վիրահատական եղանակով։
«Քանի որ էպիլեպսիայի վիրաբուժությունը համարվում է նեյրոգիտության և նեյրովիրաբուժության առաջատար և ամենաբարդ ուղղություններից մեկը, մենք բավականաչափ պատրաստվել էինք, մեր հիվանդանոցում ներդնելու էպիլեպսիայի բուժման վիրահատական այս մեթոդը, որի շրջանակներում նախորդ տարի մեր թիմով այցելել ենք Ֆրեզնո՝ մանկական հիվանդանոց, որտեղ արդեն երկար տարիներ մեծ հաջողությամբ կիրառում են էպիլեպսիայի վիրահատական բուժումը: Նախորդ տարվա ընթացքում հյուրընկալել ենք Ֆրեզնոյի թիմին և ունեցել ենք լավ փոխհամագործակցություն: Կարծում եմ՝ արդեն ժամանակն էր, որ մենք Հայաստանում դոկտոր Սեզար Սանթոսի գլխավորությամբ իրականացնեինք մեր առաջին պարզ վիրահատությունները, ասեմ, որ արդեն առաջին վիրահատությունը հաջողությամբ իրականցրել ենք»-, նշեց «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական նյարդավիրաբույժ, մանկական նյարդավիրաբուժական ծառայության պատասխանատու բ.գ.թ. Էդուարդ Ասատրյանը:
Դեղակայուն էպիլեպսիայի վիրահատական մեթոդը փրկություն է այնտեղ, որտեղ դեղամիջոցներն անզոր են։ «Ուիգմոր»-ում նշում են՝ վիրահատական փուլին պատրաստվել են երկար, մեկնել են վերապատրաստումների, հյուրընկալել ԱՄՆ գործընկերներին, քննարկել դեպքերն առցանց և շարունակական կապն այս ուղղությամբ զարգացրել։
Մանկական նյարդաբան, «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական նյարդաբանության ծառայության պատասխանատու Նունե Կույումջյանն էլ պատմեց՝ գործընկերների հետ մեկնել են Ֆրեզնո փորձի փոխանակման: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մանկական նյարդաբանությունում մեծ տեղ է գրավում էպիլեպսիայով տառապող երեխաների թիվը, հիմնական իրենց ուղղվածությունը եղել է այն, որ տեսնեն՝ ինչպես են այդ երեխաներին Ֆրեզնոյում հետազոտում ու ինչ բուժումներ են իրականացնում:
«Բախտ ենք ունեցել տեսնել, թե ինչպե՞ս է այնտեղ կատարվում վիրահատական միջամտությունը: Այո, կան էպիլեպսիաներ, որոնք պահանջում են վիրահատական միջամտություն, ու լավացնելով այդ ոլորտը՝ մենք կարող ենք հասնել մի նպատակի, որ երեխաների մի մասը ձերբազատվի այդ հիվանդությունից»,- նշեց նյարդաբանը:
Բժիշկ Սեզար Սանթոսը վստահեցնում է՝ վիրաբուժական մեթոդը հասանելի դարձնելը երկար ու բարդ ճանապարհ է, բայց շատ կարևոր է ինչ-որ կետից սկսել գործընթացը։ Այստեղ է, որ կարևոր դերակատարում ունի նյարդավիրաբուժական ոլորտի զարգացումը։
էպիլեպսիայի վիրաբուժական ծրագիրը իր՝ Հայաստան երկրորդ այցի հիմնական նպատակն է:
Հայ գործընկերների հետ երկար նախապատրաստվելուց, փոքրիկ բուժառուներին խորհրդատվություն տրամադրելուց և նրանց վիրահատելու հնարավորությունները գնահատելուց հետո հայ բժիշկներն անցել են գործնական փուլին։
«Երբ մենք վիրահատում ենք ծանր, դեղակայուն դեպքերը, երեխաներն իսկապես սկսում են զարգանալ։ Երբ ասում եմ զարգանալ, նկատի ունեմ բոլոր ուղղություններով՝ մտավոր, ֆիզիկական, հոգեբանական, սոցիալական…
Valley Children’s-ում նման վիրահատություններ իրականացնում ենք արդեն 8 տարի և հաջողության ցուցանիշը գերազանցում է 70%-ը, այսինքն՝ հաջող վիրահատությունից հետո բուժառուն այլևս ցնցում չի ունենում կամ դրանց հաճախականությունը էական նվազում է։
Սա իմ երկրորդ այցն է Հայաստան։ Երբ նոր երկիր ես այցելում, սովորաբար շատ ասելիք ունես, սակայն ես դեռ իմ առաջին այցից տպավորված էի Ուիգմորի թիմի հրաշալի մասնագետներով»,- ընդգծեց Valley Children’s Healthcare-ի մանկական նյարդաբանության ղեկավար, բժիշկ Սեզար Սանթոսը:
Valley Children’s healthcare հիվանդանոցի մասնագիտական այցը կարևորվում է նաև մանկական վերակենդանացման բարձրակարգ բուժքույր Հեդըր Թրիփի այցելությամբ: Նա դասընթացներ է իրականացնում հիվանդանոցի բուժքույրական անձնակազմի և բժիշկների համար՝ մասնավորապես մանկական վերակենդանացման բաժանմունքում:
«Շատ ոգևորված եմ, որ մասնագիտական այցով Ուիգմորում եմ, մանավանդ էպիլեպսիայի վիրահատությունների այս շրջանում, քանի որ սա իսկապես չափազանց կարևոր ոլորտ է։ Ունեմ մեծ փորձառություն Valley Children’s հիվանդանոցում, և ուրախությամբ կիսում եմ իմ գիտելիքն ու փորձը Ուիգմորի վերակենդանացման բաժանմունքի բուժքույրերի հետ՝ ուղղորդելով նրանց բուժառուների նախավիրահատական և հետվիրահատական խնամքի բոլոր գործընթացներում»-ասաց Valley Children’s Healthcare-ի մանկական վերակենդանացման բաժանմունքի մասնագիտացված բուժքույր Հեդըր Թրիփը:
Նա խոստովանեց՝ տպավորված է «Ուիգմոր» հիվանդանոցով և պլանավորում է կիսվել անհետաձգելի բուժօգնության ոլորտի իր փորձով, աջակցել արդեն իսկ գոյություն ունեցող հմտությունների զարգացմանը և գիտելիքների ձեռքբերմանը: