Քննարկվել է անիմացիայի ոլորտում հայ-ֆրանսիական կապերի ամրապնդումը

4 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ապրիլի 10-ին ընդունել է ՌեԱ փառատոնի կազմակերպիչների հրավերով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի հեռուստաընկերության (France TV) երիտասարդական և կրթական բաժնի տնօրեն Պիեռ Սիրակուզային: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և ՌեԱ փառատոնի հիմնադիր, երգիծանկարիչ Վրեժ Քասունին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և ընդգծել Ֆրանսիայի հետ համատեղ կինոարտադրության, դիստրիբյուցիայի, հեռուստատեսության ոլորտներում համագործակցության պատրաստակամությունը: Նշելով ֆրանսիական փորձի ուսումնասիրության և յուրացման կարևորությունը՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է փորձի փոխանակումը ֆիլմարտադրության և հեռարձակման ոլորտում:

Հայաստան այցի շրջանակում Պիեռ Սիրակուզան Հայաստանի կինոյի հիմնադրամում օրերս հանդիպել է ֆիլմարտադրողների հետ, քննարկել անիմացիոն հեռուստաշարերի և համատեղ արտադրության հնարավորություններն ու մասնագիտական շուկայում նախընտրելի ձևաչափերը: Նա շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ պատրաստակամություն հայտնելով հայ գործընկերների հետ կիսվել ֆրանսիական փորձով:

«Երգիծանկարիչ Վրեժ Քասունու խոսքով՝ ոլորտի տարբեր ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են անիմացիոն հեռուստաշարերի ստեղծման հնարավորությունները: Վրեժ Քասունին տեղեկացրել է՝ միջազգային գործընկերների հետ քննարկումների արդյունքում դիտարկվում է անկախ հարթակի ստեղծման հնարավորությունը: Հարթակը կնպաստի կրթական, մշակութային և ազգային բովանդակությամբ մանկական և երիտասարդական անիմացիոն հեռուստաշարերի ստեղծման ուղղությամբ աշխատանքների ակտիվացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ, կարևորելով տարբեր ոլորտներում հայ-ֆրանսիական կապերի ամրապնդումը, նախարարը շեշտել է հատկապես մշակույթի և կրթության բնագավառներում համատեղ նախաձեռնությունների իրագործումը: 

«Մեդիայի և սոցիալական ցանցերի ազդեցությունը երեխաների և դեռահասների կյանքում գնալով մեծանում է: Կրթադաստիարակչական բովանդակության ստեղծման խրախուսումն առաջնային թիրախ է նախարարության համար»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով այս ուղղությամբ կարողությունների զարգացմանը միտված նախագծերի իրականացումը: 

Նախարարը նաև շեշտել է, որ Հայաստանի կրթական համակարգի բարեփոխումները, մասնավորապես, Հանրակրթության պետական նոր չափորոշիչը ևս միտված է սովորողների կարողունակությունների զարգացմանը, որտեղ հատուկ շեշտադրում է արված մշակութային և մեդիագրագիտության բաղադրիչներին:

Ժաննա Անդրեասյանը նաև նշել է՝ պետությունը կարևորում է համատեղ ֆիլմարտադրությունը, հայկական կինոյի հանրահռչակումը, որի շրջանակում մի շարք օրենսդրական փոփոխություններ են կատարվել: ՀՀ կառավարությունը հաստատել է ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի փոխհատուցման կարգը և պայմանները, որով նախատեսվում է մինչև 35 տոկոս ներդրումների վերադարձ Հայաստանում նկարահանվող ֆիլմերի համար: Ռազմավարական ուղղություններից են նաև անիմացիոն ֆիլմարտադրության զարգացումը, ինչպես նաև հեռուստատեսային կրթամշակութային հաղորդաշարերի ստեղծումը: 

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հայերեն English Français Русский

Մեկնարկում է «Հայկական գինու շաբաթ» արշավը

Քրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգեր

Զապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվել

Արդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպել

Արդարադատության նախարարը ներկայացրեց դատապարտյալների և կալանավորված անձանց թվերը

Լիլիթ Մակունցի ճեպազրույցը

Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Արդարադատության նախարարության բյուջեն կավելանա 2.9 մլրդ դրամով

Մակունցը ներկայացրել է, թե որ դեպքում Հայաստանը հետ կկանչի միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերը

ՀՀ ԱԺ նախագահն ու Մեքսիկայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր