Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ
1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին ժամը 23:50-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից՝ հիշեցնելով, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում»,- նշված է ՀՀ ՊՆ-ի տարածած հայտարարության մեջ: