Բելգիայի խորհրդարանի հանձնաժողովում լսումներ են անցկացվել Հարավային Կովկասում խաղաղության անհրաժեշտության մասին բանաձևի շուրջ
6 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ապրիլի 2-ին տեղի ունեցան «Հարավային Կովկասում խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին» բանաձևի լսումները։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ լսումների առաջին հատվածում ելույթ ունեցավ Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը, որը իր խոսքում շնորհակալություն հայտնեց Բելգիայի խորհրդարանին Հայաստանի համար կարևորություն ունեցող հարցերին մշտական ուշադրություն ցուցաբերելու համար։ Տիգրան Բալայանն ընդգծեց, որ Բելգիայի կառավարության կոալիցիոն ծրագրում ընդգրկվել են Հայաստանի ժողովրդավարական ճանապարհի, արցախահայության վերադարձի և Կովկասում խաղաղության ապահովման անհրաժեշտության մասին կետեր, որոնց առկայությունը շատ կարևոր և գնահատելի է։
Դեսպան Բալայանն իր ելույթում նշեց, որ Հայաստանը հանձնառու է խաղաղությանը և պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը, բայց Ադրբեջանը շարունակում է արհեստական նախապայմաններ առաջ քաշել, մերժել կառուցողական առաջարկները՝ խոչընդոտելով գործընթացը։ Տիգրան Բալայանն իր ելույթն ամփոփեց՝ հիշեցնելով, որ Հայաստանն ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը՝ կանխելու Ադրբեջանի կողմից նոր հնարավոր ագրեսիաները և ապահովելու կայուն խաղաղություն։
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանն իր ելույթում նշեց, որ տեղահանված արցախահայությունն ունի վերադարձի իրավունք՝ միջազգային իրավունքի համաձայն։ Կարապետյանն ասաց, որ Շվեյցարիան արդեն ընդունել է այս հարցով օրենք, և Բելգիան նույնպես պետք է աջակցի նման նախաձեռնություններին ու հստակ դիրքորոշում ունենա արցախահայության և ռազմագերիների պաշտպանության հարցում։
«Աջակցություն Արցախին» ասոցիացիայի հիմնադիր, Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի նախկին ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, որը Փարիզից տեսակապով էր միացել լսումներին, իր խոսքում ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ միջազգային կազմակերպությունների զեկույցները փաստում են, որ Ադրբեջանը նպատակադրված է եղել արցախահայությանը զրկել իր իրավունքներից, ահաբեկել, ճնշել և ի վերջո՝ ստիպել լքել իրենց տները։ Գևորգյանը նշեց, որ Ադրբեջանը ոչնչացնում է հայկական եկեղեցիները, գերեզմանները և պատմամշակութային ժառանգությունը, որպեսզի կանխի հայերի վերադարձը։
Հովհաննես Գևորգյանն իր ելույթում միջազգային հանրությանը կոչ արեց վերլուծել այս նախադեպը և ճանաչել Ադրբեջանի քաղաքականությունը որպես հայերի վերացման համակարգված ծրագիր։ Գևորգյանը վստահ է՝ Հայաստանը միջազգային հանրության կողմից չի ստացել բավարար պաշտպանություն, և այժմ ստիպված է ենթարկվել Բաքվի պարտադրած պայմաններին։
Հովհաննես Գևորգյանը նաև կոչ արեց, որպեսզի 10 երկրներ միավորվեն ու նախաձեռնեն ԵԱՀԿ-ի հատուկ կոմիտե՝ հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող խախտումները հետաքննելու համար։ Իր ելույթի ավարտին նա հավելեց, որ Բելգիայի և մյուս ժողովրդավարական երկրների աջակցությունը վճռորոշ է։
Լսումների ներկա պատգամավորներն իրենց ելույթներով ու հարցադրումներով ցանկացան իմանալ, թե ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր, ի՞նչ կարող են իրենք անել Հայաստանին և արցախահայությանը օգտակար լինելու համար։
Դեսպան Բալայանը նշեց, որ կարևոր է ստեղծել մի մեխանիզմ, որի միջոցով հնարավոր կլինի շարունակական կերպով հետևել արված գործերին։ Բալայանը ցավով արձանագրեց, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտելու մասին հայտարարությունից անմիջապես հետո Ադրբեջանի իշխանությունները նոր նախապայմաններ են սկսել առաջ բերել։ Դեսպանը նշել է, որ հստակ երևում է՝ ադրբեջանական իշխանությունները շահագրգռված չեն խաղաղության համաձայնագիրը ստորագրել։ Խոսելով Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների մասին՝ Բալայանն առաջարկեց ստեղծել անկախ բժիշկների խումբ, որոնք կարող են այցելել Բաքվում հայ գերիներին ու տեղում ծանոթանալ նրանց առողջական իրական վիճակին։
Ներկայացված բանաձևի նախագծի համահեղինակ, պատգամավոր Միշել դը Մաեգդն էլ իր խոսքում նշեց, որ իրենք պարզապես տարածքային հակամարտության ականատեսը չեն, այլ բախվում են ինքնության ջնջման քաղաքականությանը։ «Մի ամբողջ ժողովուրդ արմատախիլ է արվել, նրա հաստատությունները վերացվել են, նրա հիշողությունը ոչնչացվում է», - ասաց պատգամավորը։
Դը Մաեգդը նշել է, որ այս իրավիճակի առջև իրենք պատասխանատվություն ունեն՝ պաշտպանելու հիմնարար իրավունքները, կանխելու միջազգային իրավունքի լուրջ խախտումների անպատժելիությունը։
«Մեր դիվանագիտությունը պետք է գործի վճռականորեն, բայց նաև հետևողականորեն։ Խաղաղությունը չի կառուցվում մոռացության վրա։ Այն կառուցվում է ճշմարտության, արդարության և հիշողության վրա»,-եզրափակել է Միշել դը Մաեգդը։
«Հարավային Կովկասում խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին» բանաձևի քվեարկությունը տեղի կունենա Բելգիայի Ներկայացուցիչների պալատի առաջիկա նիստերից մեկի ժամանակ։