Իրավունք

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կոռուպցիայի կանխարգելման ոլորտում իրականացված աշխատանքները

3 րոպեի ընթերցում

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կոռուպցիայի կանխարգելման ոլորտում իրականացված աշխատանքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, oրակարգում ընդգրկված է եղել կոռուպցիայի կանխարգելման ոլորտում իրականացված աշխատանքների ներկայացումը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը զեկուցել է կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման համակարգում պիլոտային մեթոդաբանությունների ներդրման, օրենսդրական կարգավորումների, բարեվարքության ուսումնասիրությունների համակարգում օրենսդրական փաթեթի ընդունման և դրա հետ կապված ընդհանուր միտումների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության վերահսկողության ուղղությամբ իրականացված աշխատանքին, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, հանրային ծառայողների բարեվարքության համակարգում ներդրված օրենսդրական փոփոխություններին: Մանրամասներ են ներկայացվել նաև հայտարարագրման, մասնավորապես, հայտարարագրերի վերլուծության, ծանուցման գործընթացների արդյունքների վերաբերյալ և այլն: Մարիամ Գալստյանը ներկայացրել է նաև թվայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքները, խոսել հայտարարագրերի էլեկտրոնային համակարգի, կուսակցությունների ֆինանսական հաշվետվության, ԿԿՀ էլեկտրոնային հարթակի, հակակոռուպցիոն կրթության էլեկտրոնային հարթակի մասին:

Ըստ աղբյուրի՝ վերոնշյալ հարցերի շուրջ ծավալվել է քննարկում, խորհրդի անդամները  մտքեր են փոխանակել հանձնաժողովի գործունեության մեխանիզմների շարունակական զարգացման, բարեվարքության համակարգի կատարելագործման, հայտարարագրման համակարգի բարելավման և այլ թեմաների շուրջ:  

Վարչապետն ընդգծել է, որ հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման կարևորագույն նախադրյալներից է ոչ միայն քաղաքական կամքը, այլ նաև ինստիտուտների զարգացումը: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ խնդիրը շատ ավելի գլոբալ է և չի վերաբերում միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Վարչապետի խոսքով՝ այն պետք է նաև դիտարկել դատաիրավական համակարգի համատեքստում և սոցիալ-հոգեբանական ոլորտում: Այս առումով վարչապետը կարևորել է հակակոռուպցիոն կրթության քաղաքականությունը և ընդգծել, որ ժամանակին ռազմավարական որոշումներ են կայացվել՝ պետական գերատեսչություններում հակակոռուպցիոն ընկալումների մեծացման նպատակով հաղորդակցություն ապահովելու ուղղությամբ: «Դրա կարիքը միանշանակ կա, որովհետև մարդկանց իրազեկվածությունը կոռուպցիայի և դրա տարբեր դրսևորումների մասին ամեն անգամ և որոշակի պարբերականությամբ թարմացնելը շատ կարևոր է: Այս առումով կարևոր եմ համարում, որ մեր օրենսդրությունների փոփոխությունները կարողանանք գերատեսչություններում, պաշտոնյաներին և այն մարդկանց, ում դա վերաբերում է, կոմունիկացնել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ այդ աշխատանքը պետք է իրականացնել շարունակական կերպով:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում