Լիբանանը և Սիրիան սահմանի սահմանազատման մասին համաձայնագիր են ստորագրել
2 րոպեի ընթերցում

Լիբանանը և Սիրիան համաձայնագիր են ստորագրել իրենց սահմանների սահմանազատման և համագործակցության շուրջ՝ սահմանամերձ շրջաններում անվտանգության պահպանման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը (AP):
Լիբանանի պաշտպանության նախարար Միշել Մենասան և նրա սիրիացի գործընկեր Մուրհաֆ Աբու Քասրան համաձայնագիրը ստորագրել են մարտի 27-ի երեկոյան՝ Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում անցկացված բանակցությունների արդյունքների ամփոփումից հետո։
Լիբանանը և Սիրիան նաև պայմանավորվել են «ակտիվացնել փոխգործակցության մեխանիզմները»՝ արձագանքելու խնդիրներին՝ հանուն սահմանի երկու կողմում անվտանգության:
Պաշտպանության նախարարների հանդիպմանը ներկա է եղել Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Խալիդ իբն Սալման իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը։
Մարտի սկզբին սիրիա-լիբանանյան սահմանին զինված բախումներ են սկսվել սիրիական ուժերի և «Հեզբոլահ» շարժման զինյալների միջև։ Պատճառը, Սիրիայի նոր իշխանությունների հայտարարությունների համաձայն, «Հեզբոլահ»-ի կողմից սիրիական բանակի երեք զինծառայողների առևանգումն ու սպանությունն էր։
Լիբանանի զինված ուժերը նաև հայտնել են, որ սիրիական կողմից հրետանային գնդակոծության են ենթարկվել երկրի մի շարք սահմանամերձ բնակավայրեր։ Ի պատասխան՝ լիբանանյան բանակի ստորաբաժանումները հայտնել են Սիրիայի տարածքում կրակային դիրքերին հարվածներ հասցնելու մասին։
Արաբական ԶԼՄ-ները նշել են, որ իրավիճակը սիրիա-լիբանանյան սահմանին սրվել է Սիրիայում ընդդիմության իշխանության գալուց հետո։
«Հեզբոլահ» շարժումն աջակցում էր իշխանությունից հեռացված Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին և նրան օգնություն էր ցուցաբերում զինված ընդդիմության դեմ պայքարի գործում: