ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է Yandex Armenia

3 րոպեի ընթերցում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մարտի 26-ին նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ այցելել է Yandex Armenia ընկերություն, որը գործունեություն է ծավալում տեխնոլոգիական մի շարք ուղղություններով։ Ընկերությունը Հայաստանում ներկայացված է առաքման, օնլայն տաքսի ծառայությունների, գեոլոկացիայի, ժամանցի և կրթական ծառայությունների ոլորտներում, ինչպես նաև զբաղվում է նորարարական տեխնոլոգիաների մշակմամբ՝ նպաստելով թվային միջավայրի զարգացմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, այցի ընթացքում նախարար Հայրապետյանը Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանի ուղեկցությամբ շրջել է ընկերության նորաբաց գրասենյակում, ծանոթացել ընկերության գործունեությանը, ընթացիկ ծրագրերին ու ապագա նախաձեռնություններին։ Նախարարը նաև զրուցել է ընկերության աշխատակիցների հետ՝ քննարկելով ոլորտի զարգացումներն ու համատեղ ծրագրերի հնարավորությունները։

Արամ Մխիթարյանը ներկայացրել է, որ նոր գրասենյակը նախատեսված է 450-ից ավելի բարձր որակավորում ունեցող ՏՏ մասնագետների համար՝ ներառյալ ծրագրավորողներ, դիզայներներ, մենեջերներ։ Ընկերությունը նաև ստեղծել է Yandex Hall հանրային տարածքը, որտեղ ոլորտի Backend, Machine Learning, AI, Product և Project Management, People Management, NewBiz ուղղությունների մասնագետները կկիսվեն իրենց փորձով։ Այս հանդիպումները հասանելի կլինեն բոլոր հետաքրքրված մասնագետների համար և կիրականացվեն անվճար։

Ըստ աղբյուրի՝ այցի ընթացքում քննարկվել են պետություն-մասնավոր համագործակցության հնարավորություններն ու համատեղ ծրագրերի իրականացումը՝ հատկապես թվայնացման և արհեստական բանականության ոլորտներում։ Նախարար Հայրապետյանը կարևորել է մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցությունը, որը կնպաստի տեխնոլոգիական լուծումների արագ ներդրմանն ու արդյունավետ կիրառմանը։ Նշվել է նաև, որ առաջիկայում նախատեսվում է ընդլայնել աշխատակազմը՝ ներգրավելով նոր մասնագետների, ինչը հնարավորություն կտա զարգացնելու ընկերության կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը, խթանելու նորարարական մոտեցումների կիրարկումը և բարձրացնելու օգտատերերի համար ապահովվող տեխնոլոգիական լուծումների որակը։

Նախարարը նաև կարևորել է տեխնոկրթության խթանման ուղղությամբ Yandex Armenia-ի ծրագրերը։ 2017 թվականից սկսած՝ ընկերությունը Գյումրիում և Վանաձորում իրականացնում է ծրագրավորման դպրոցներ բարձր դասարանների աշակերտների համար, ինչպես նաև համագործակցում է Armenian Code Academy-ի հետ՝ ինժեներական խորացված դասընթացների կազմակերպման նպատակով։ Բացի այդ, Հայ-ռուսական համալսարանում իրականացվում են տվյալագիտության դասընթացներ, իսկ Երևանի պետական համալսարանում՝ գեներատիվ մոդելավորման ինտենսիվ դասընթացներ։

Հայերեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

ԿԸՀ-ն «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 12 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

Մանուել Տուլիպան ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն մարզիչ

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 29 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

ԿԸՀ նախագահը հայտնեց Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նիստի օրը

ՌԴ Պետդուման օրենք է ընդունել, որն արգելում է հանցագործություն կատարած ներգաղթյալներին քաղաքացիության տրամադրումը

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

ԿԸՀ-ն ՔՊ-ի ընտրական ցուցակից 64 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

2027-ից կարգելվեն պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքի շրջանառությունը. տնտեսվարողները մտահոգված են