Ինովացիա

ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է Yandex Armenia

3 րոպեի ընթերցում

ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է Yandex Armenia

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մարտի 26-ին նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ այցելել է Yandex Armenia ընկերություն, որը գործունեություն է ծավալում տեխնոլոգիական մի շարք ուղղություններով։ Ընկերությունը Հայաստանում ներկայացված է առաքման, օնլայն տաքսի ծառայությունների, գեոլոկացիայի, ժամանցի և կրթական ծառայությունների ոլորտներում, ինչպես նաև զբաղվում է նորարարական տեխնոլոգիաների մշակմամբ՝ նպաստելով թվային միջավայրի զարգացմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, այցի ընթացքում նախարար Հայրապետյանը Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանի ուղեկցությամբ շրջել է ընկերության նորաբաց գրասենյակում, ծանոթացել ընկերության գործունեությանը, ընթացիկ ծրագրերին ու ապագա նախաձեռնություններին։ Նախարարը նաև զրուցել է ընկերության աշխատակիցների հետ՝ քննարկելով ոլորտի զարգացումներն ու համատեղ ծրագրերի հնարավորությունները։

Արամ Մխիթարյանը ներկայացրել է, որ նոր գրասենյակը նախատեսված է 450-ից ավելի բարձր որակավորում ունեցող ՏՏ մասնագետների համար՝ ներառյալ ծրագրավորողներ, դիզայներներ, մենեջերներ։ Ընկերությունը նաև ստեղծել է Yandex Hall հանրային տարածքը, որտեղ ոլորտի Backend, Machine Learning, AI, Product և Project Management, People Management, NewBiz ուղղությունների մասնագետները կկիսվեն իրենց փորձով։ Այս հանդիպումները հասանելի կլինեն բոլոր հետաքրքրված մասնագետների համար և կիրականացվեն անվճար։

Ըստ աղբյուրի՝ այցի ընթացքում քննարկվել են պետություն-մասնավոր համագործակցության հնարավորություններն ու համատեղ ծրագրերի իրականացումը՝ հատկապես թվայնացման և արհեստական բանականության ոլորտներում։ Նախարար Հայրապետյանը կարևորել է մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցությունը, որը կնպաստի տեխնոլոգիական լուծումների արագ ներդրմանն ու արդյունավետ կիրառմանը։ Նշվել է նաև, որ առաջիկայում նախատեսվում է ընդլայնել աշխատակազմը՝ ներգրավելով նոր մասնագետների, ինչը հնարավորություն կտա զարգացնելու ընկերության կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը, խթանելու նորարարական մոտեցումների կիրարկումը և բարձրացնելու օգտատերերի համար ապահովվող տեխնոլոգիական լուծումների որակը։

Նախարարը նաև կարևորել է տեխնոկրթության խթանման ուղղությամբ Yandex Armenia-ի ծրագրերը։ 2017 թվականից սկսած՝ ընկերությունը Գյումրիում և Վանաձորում իրականացնում է ծրագրավորման դպրոցներ բարձր դասարանների աշակերտների համար, ինչպես նաև համագործակցում է Armenian Code Academy-ի հետ՝ ինժեներական խորացված դասընթացների կազմակերպման նպատակով։ Բացի այդ, Հայ-ռուսական համալսարանում իրականացվում են տվյալագիտության դասընթացներ, իսկ Երևանի պետական համալսարանում՝ գեներատիվ մոդելավորման ինտենսիվ դասընթացներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում