Արգենտինան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը
2 րոպեի ընթերցում

Արգենտինան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Արգենտինայի արտաքին գործերի նախարարությունը, որը հրապարակվել է նախարարության X-ի միկրոբլոգում։
«Արգենտինայի Հանրապետությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը և գնահատում նրանց ջանքերը՝ իրենց տարաձայնություններին խաղաղ լուծում գտնելու գործում։
Արգենտինան լիահույս է, որ այս գործընթացը կնպաստի երկու երկրների զարգացմանն ու բարեկեցությանը՝ ապահովելով կայունություն և բարգավաճում Հարավային Կովկասի տարածաշրջանի համար»,- ասված է հայտարարության մեջ։
Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցնելու և դրա շուրջ բանակցություններն ավարտելու ուղղությամբ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ, Ադրբեջանը, մինչդեռ, նախապայմաններ է առաջ քաշում համաձայնագիրը ստորագրելու համար։ Մասնավորապես, ադրբեջանական կողմը շարունակում է պնդել կեղծ թեզը, թե Հայաստանի Սահմանադրությունը իբր տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ՝ որպես խաղաղության համաձայնագիրը ստորագրելու նախապայման դնելով ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը։ Ադրբեջանի երկրորդ նախապայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է։ Նախապայմաններին զուգահեռ Ադրբեջանը մի քանի օր է՝ շարունակում է կեղծ լուրեր տարածել, թե Հայաստանի զինված ուժերը սահմանի տարբեր հատվածներում իբր կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։