Քաղաքականություն

Հայաստանը մեծ եռանդով պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին. ՀՀ ԱԳ նախարարի ուղերձը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առթիվ

3 րոպեի ընթերցում

Հայաստանը մեծ եռանդով պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին. ՀՀ ԱԳ նախարարի ուղերձը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ՝ նշելով, որ այսօր արդեն Հայաստանը մեծ եռանդով պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերին, որը հյուրընկալելու է Երևանում 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը։ Այս բացառիկ իրադարձությունը ոչ միայն կամրապնդի Հայաստանի բարեկամական կապերը ֆրանկոֆոն  երկրների հետ, այլև մեծապես կնպաստի Հայաստանում ֆրանսերեն լեզվի տարածմանն ու ամրապնդմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ուղերձում նշվում է. «Արդեն տարիներ շարունակ ձևավորված ավանդույթի համաձայն այսօր՝ մարտի 20-ին, նշում ենք Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը։

Հայաստանի պետական կառույցների, համայնքների, ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների, ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների, համալսարանների, դպրոցների, թատրոնների, գրադարանների և մշակութային կենտրոնների ջանքերով ամբողջ երկրի տարածքում տեղի են ունենալու հարյուրավոր միջոցառումներ՝ մեծարելով ֆրանսերենը և համախմբվելով ֆրանկոֆոնիան սնուցող արժեքների՝ մշակութային բազմազանության, խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների շուրջ։

Ֆրանկոֆոնիայի այս տոնը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ լեզուն միայն հաղորդակցության միջոց չէ. այն կամուրջ է, որը միավորում է ազգերը, սերմանում փոխադարձ հարգանք և բարեկամություն։

Վերջին տարիներին մեր համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ նոր թափ է ստացել, ինչն ուրախությամբ արձանագրեցինք նաև 2024 թվականի հոկտեմբերին Վիլեր Կոտրեում Ֆրանսիայի նախագահությամբ կայացած գագաթաժողովի ընթացքում։ Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս պետությունների ղեկավարների այդ կարևորագույն հավաքի ընթացքում ընդունված հռչակագրի և մյուս փաստաթղթերի դրույթների կյանքի կոչմանն՝ ի նպաստ լեզվամշակութային բազմազանության ամրապնդման, երիտասարդության դերակատարության աճի, ինչպես նաև ֆրանկոֆոն տարածաշրջանում հակամարտությունների շուտափույթ հանգուցալուծման և խաղաղության ամրապնդման։

Այսօր արդեն մեր երկիրը մեծ եռանդով պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերին, որը հյուրընկալելու ենք Երևանում 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը։ Այս բացառիկ իրադարձությունը ոչ միայն կամրապնդի մեր բարեկամական կապերը ֆրանկոֆոն  երկրների հետ, այլև մեծապես կնպաստի Հայաստանում ֆրանսերեն լեզվի տարածմանն ու ամրապնդմանը։

Բարի երթ եմ մաղթում Հայաստանում Ֆրանկոֆոնիայի հերթական երկամսյակին և բարձր տրամադրություն ու բազում հիշարժան պահեր ցանկանում ինչպես մեր երկրի, այնպես էլ համայն աշխարհի բոլոր ֆրանսախոսներին և ֆրանկոֆոնիայի արժեքները կրողներին»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում