Սրբուհի Գալյանը անդրադարձավ նախատեսվող նոր Սահմանադրության էությանը
2 րոպեի ընթերցում

Նոր Սահմանադրության տեքստի մշակման գործընթացն ընթացքի մեջ է, սակայն այս պահին դրա բովանդակության վերաբերյալ հրապարակային քննարկում չի իրականացվում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Ասելու եմ նույն բանը։ Այս պահին աշխատում ենք Սահմանադրության տեքստի վրա։ Դեռ չեղած տեքստի վերաբերյալ մեկնաբանություն անել չեմ կարող։ Կներկայացնենք, երբ պատրաստ լինենք ներկայացնելու։ Սահմանադրությունն ընդունելու կամ չի ընդունելու ժողովուրդը»,- ասաց նախարարը։
Լրագրողները հարց ուղղեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն ձևակերպման վերաբերյալ, թե տարածաշրջանային նշանակության Սահմանադրություն է անհրաժեշտ: Սրբուհի Գալյանը պատասխանեց․
«Խաղաղությանը, խաղաղության պայմանագրին և խաղաղության գործընթացներին միտված հարաբերությունները չվտանգող Սահմանադրության մասին է խոսքը»։
Տարածքային պահանջների վերաբերյալ լրագրողների հարցին՝ արդյոք նոր Սահմանադրությունում Լեռնային Ղարաբաղին առնչվող դրույթներ չեն լինելու, նախարարն արձագանքեց․ «Մենք մեր սահմանների տերն ենք, և այդ սահմաններն արտացոլված են համապատասխան քարտեզներում»։
Նախարարը նաև նշեց, որ գործող Սահմանադրությունը չի խոչընդոտում խաղաղության գործընթացին, սակայն կառավարությունն առաջնորդվում է այն տրամաբանությամբ, որ քաղաքացիներն ու պետությունը պետք է գործեն այնպես, որ չվտանգեն խաղաղության հաստատումը։
«Միայն Սահմանադրությունը չէ խնդիրը։ Պետք է վարքագիծը կառուցել այնպես, որ չվտանգվի խաղաղության գործընթացը։ Մենք այն կառավարությունն ու երկիրն ենք, որը միտված է խաղաղության վերջնական հաստատմանը»,- ընդգծեց նախարարը։