Մանկական ռևմատոլոգիական հիվանդությունների իրազեկման օրվա շրջանակում Անահիտ Ավանեսյանն այցելել է Արաբկիր մանկական բժշկական կենտրոն
4 րոպեի ընթերցում

Մանկական ռևմատոլոգիական հիվանդությունների իրազեկման համաշխարհային օրվա շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելեց Արաբկիր մանկական բժշկական կենտրոն, շփվեց հիվանդությունն ունեցող երեխաների և նրանց ծնողների հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավանեսյանը զրուցեց երեխաների հետ, լուսանկարվեց և, նրանց առողջություն մաղթելով, նշեց, որ նախարարությունը միշտ իրենց կողքին է:
«Մենք ուրախ ենք, որ արդեն մեկ տարի է՝ ծրագրի շրջանակներում ռևմատոիդ արթրիտ ունեցող երեխաները ստանում են դեղորայքային ամբողջական բուժում: Այս դեղորայքը բավական թանկարժեք է, և նրանք անընդհատ այս դեղորայքի կարիքն ունեն, ուստի մեզ համար չափազանց կարևոր է, որ երեխաների այս բուժական հոգսը պետությունը վերցնի իր վրա: Եվ այսօր արդեն երեխաների առողջության մեջ կարող ենք արձանագրել դրական տեղաշարժ և շարժողունակության վերականգնում: Նշեմ, որ այժմ ընդհանուր պատկերը շատ ավելի լավ է, քան ունեցել ենք տարիներ ի վեր»,- նշեց Ավանեսյանը:
Նախարարի խոսքով՝ իրենց նպատակն էր նաև իրազեկման շրջանակներում շփվել ծնողների հետ, խոսել երեխաների հետ, որովհետև այս հիվանդությունների պարագայում, եթե կարողանում են ապահովել անհրաժեշտ բուժօգնությունը, ապա երեխաները կարող են իրենց սովորական կյանքով ապրել՝ դպրոց հաճախել և զբաղվել իրենց նախասիրություններով:
«Պետության նպատակն է ապահովել երեխաների կյանքի որակը: Ցավոք սրտի, եթե չենք կարողանում ապահովել դեղորայքով, այս հիվանդությունը հանգեցնում է խորը հաշմանդամության, և այս ծրագիրը քայլ էր, որպեսզի կանխենք նման ընթացքը: Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի թե՛ երեխաների, թե՛ նաև մեծահասակների առողջապահական բեռը հոգանք, իսկ երեխաների առողջությունը առաջնահերթություն է։ Հենց այս սկզբունքով առաջնորդվելով էլ՝ դեղորայքը առաջինը հասանելի ենք դարձրել հենց երեխաների համար»,-ասաց Անահիտ Ավանեսյանը:
«Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը, ողջունելով բոլորին, շնորհակալություն հայտնեց առողջապահության նախարարությանը 2024 թվականից ներդրված ծրագրի համար, որը թույլ է տվել մանկական ռևմատոլոգիական հիվանդությունների պարագայում գրանցել լավ արդյունքներ, ինչը վերջին 30 տարիների ընթացքում հասանելի չէր:
«Երեխաները, որոնք այս բուժման կարիքն ունեին, փաստորեն տասնյակ տարիներ այդ բուժումը չեն կարողացել ստանալ և հիմա նրանք այդ ամենը ստանում են բոլորովին անվճար, քանի որ նախարարությունը, իրականացնելով այս ծրագիրը, ձեռք բերեց այդ դեղամիջոցները և տրամադրեց այն երեխաներին, որոնք դրա կարիքն ունեն: Այս հիվանդությունն ունեցող երեխաներն ընդամենը 10 տարի առաջ ներառված էին մանկաբուժական ընդհանուր ծառայության մեջ և չէին ստանում պատշաճ բուժօգնություն: Առողջապահության նախարարության այս ծրագիրը ոլորտի համար աննախադեպ է»,- նշեց Բաբլոյանը:
2024 թվականից պատանեկան արթրիտ ունեցող երեխաներին թանկարժեք դեղը տրամադրվում է պետական պատվերի շրջանակում: Դեղապահովման այս ծրագրից օգտվում է շուրջ 70 երեխա: