Բարեփոխումները պետք է իրական փոփոխություն բերեն քաղաքաշինական որևէ գործունեության առնչվող քաղաքացու կյանքում. Եղիազար Վարդանյան

3 րոպեի ընթերցում

Քաղաքաշինական ընթացակարգերի պարզեցման հնարավորությունները դիտարկելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շահագրգիռ գերատեսչությունների ներգրավմամբ կոմիտեում նախաձեռնել է քննարկում, որին ներկա է եղել նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը։ 

Քննարկմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղելավարի տեղակալ Սուրեն Մինասյանը, Ջրային կոմիտեի ներկայացուցիչները և այլ պաշտոնյաներ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրությունից, նախատեսվում է վերլուծել քաղաքաշինական գործընթացների ամբողջ շրջանակը՝ նախագծման թույլտվությունից մինչև փորձաքննությունների անցկացում և ավարտական փուլի փաստաթղթերի տրամադրում՝ ընթացակարգերը պարզեցնելու, կրկնությունները բացառելու և դերաբաշխումը հստակեցնելու հնարավոր տարբերակները վերհանելու նպատակով։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը կարևորել է բարելավումների օր առաջ իրագործումը՝ հաշվի առնելով հանրապետությունում ընթացող մեծածավալ  շինարարությունը։ 

«Դպրոցների, մանկապարտեզների, մարզական և առողջապահական հաստատությունների կառուցման, սուբվենցիոն ծրագրերի, ջրային, տրանսպորտային և այլ ենթակառուցվածքների շինարարության շրջանակներում այս տարի և հաջորդ տարեսկզբին ունենալու ենք ավարտվող շինարարությամբ մեծ թվով օբյեկտներ։ Ուստի, սպասվող փաստաթղթավորման աշխատանքների հստակեցումն ու ընթացակարգերի դյուրացումն անհրաժեշտ է թե՛ պետական, թե՛ համայնքային, թե՛ մասնավոր ծրագրերի դեպքում։ Բարեփոխումները պետք է իրական փոփոխություն բերեն քաղաքաշինական որևէ գործունեության առնչվող քաղաքացու կյանքում, ազատեն ավելորդ վարչարարությունից, իհարկե, միաժամանակ հավասարակշռեն հնարավոր ռիսկերը և արտացոլեն արդի տեխնոլոգիական առաջընթացն ու ոլորտի զարգացումը»,-ընդգծել է կոմիտեի նախագահը։ 

Որպես առաջնահերթություն՝ հանդիպմանը քննարկվել են ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ձևավորման, ավարտական փաստաթղթերի ձևակերպման և գույքի նկատմամբ իրավունքի գրանցման փուլերը։ Կարևորվել է նաև ՀՀ կառավարության 2015թ. 596-Ն որոշման մեջ գծային կառույցների վերաբերյալ կարգավորումների բարելավումը։ 

Հանդիպմանը մասնակից պաշտոնյաները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտարկումները։ Որոշվել է հարցի քննարկումը կազմակերպել յուրաքանչյուր կառույցի ներսում՝ ըստ ուղղությունների, վերհանել առաջարկները, գործնականում հանդիպող խնդիրներն ու դրանց լուծման տարբերակները և համատեղ ամփոփել միջգերատեսչական հաջորդ հանդիպման ընթացքում։    

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին