Գյումրիում բացվել է պետական բյուջեի միջոցներով կառուցված «Զանգակ» մանկապարտեզը
2 րոպեի ընթերցում

Գյումրիում բացվել է պետական բյուջեի միջոցներով կառուցված «Զանգակ» մանկապարտեզը։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ բացման միջոցառմանը ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը։
«Այսօր մեզ համար ուրախալի օր է, որովհետև 1988 թվականից այսքան տարի անց 2025 թվականին մանկապարտեզ ենք բացում: Վերջին տարիներին արված աշխատանքները, թե մանկապարտեզների, թե դպրոցների կառուցման առումով տեսանելի են բոլորիդ։ Վստահեցնում եմ՝ դեռ նման ուրախալի օրեր շատ ենք ունենալու: Բացի նոր մանկապարտեզների կառուցումը, դրանք համալրվում են նոր գույքով։ Աշխատանքները շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև Գյումրին ունենա իրեն հարիր մանկապարտեզներ, դպրոցներ։ Կրթությունը սկսվում է մանկապարտեզից, և մեր ջանքերն ուղղված են նրան, որ կրթական գործընթացներում առաջընթաց ունենանք՝ բոլոր առումներով։ Ամենակարևորն այսօր բարեկարգ մանկապարտեզ հաճախող երեխաների ժպիտն է»,-ողջունելով հյուրերին ու գյումրեցիներին՝ նշեց Շիրակի մարզպետը:
«Զանգակ» մանկապարտեզը, որի շինարարական աշխատանքներն իրականացվել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ, նախատեսված է 75 երեխայի համար: Շենքը երկհարկանի է, ունի բոլոր հարմարություններն ու անհրաժեշտ գույքը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 207 մլն 998 հազար դրամ: