Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն ողջունում է Սիրիայի իշխանությունների և քրդերի միջև համաձայնագիրը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ողջունում է Սիրիայի իշխանությունների և քրդերի միջև համաձայնագիրը

Միացյալ Նահանգները ողջունում է Սիրիայի նոր կառավարության և «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» միջև համաձայնագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Միացյալ Նահանգները ողջունում է Սիրիայի ժամանակավոր իշխանությունների և «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» միջև վերջերս հայտարարված համաձայնությունը երկրի հյուսիս-արևելքը միացյալ Սիրիային ինտեգրելու վերաբերյալ», - ասվում է Ռուբիոյի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Պետքարտուղարության կայքում:

Նա նշել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է քաղաքական անցմանը, որը կցուցաբերի «հուսալի, ոչ կրոնական կառավարում՝ որպես հետագա հակամարտությունից խուսափելու լավագույն միջոց»:

«Մենք կշարունակենք հետևել ժամանակավոր իշխանությունների կողմից ընդունված որոշումներին՝ մտահոգությամբ նշելով փոքրամասնությունների նկատմամբ մահացու բռնության վերջին դեպքերը», - հավելել է պետքարտուղարը։

Մարտի 10-ին Դամասկոսում Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի և «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» հրամանատար Մազլում Աբդիի միջև համաձայնագիր է ստորագրվել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող քրդական ինքնավարության բոլոր քաղաքացիական և զինված կառույցները պետական ​​ինստիտուտներին ինտեգրելու վերաբերյալ։

«Սիրիայի դեմոկրատական ուժերը» ռազմական կոալիցիա է, որը 2015 թվականին ձևավորվել է Սիրիայի հյուսիս-արևելքում՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ: Այն բաղկացած է հիմնականում քրդական կազմավորումներից, սակայն նրա կազմի մեջ մտնում են նաև արաբական ցեղերի ներկայացուցիչներ և ասորիներ։  

Ավելի վաղ սիրիական ծովափնյա շրջաններում բռնություններ են տեղի ունեցել։ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնել է, որ մարտի 6-ից ի վեր բռնությունների զոհ է դարձել 973 խաղաղ բնակիչ, չնայած այս թիվը վերջնական չէ։ Բացի այդ, զոհվել է Սիրիայի անվտանգության ուժերի և պաշտպանության նախարարության 231 անդամ և նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի 250 կողմնակից։   

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում