Եթե «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն իրականացվի, այն շահավետ կլինի բազմաթիվ միջազգային դերակատարների համար․ ՀՀ ԱԳ նախարար
2 րոպեի ընթերցում

Եթե «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն իրականացվի, այն շահավետ կլինի բազմաթիվ միջազգային դերակատարների համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը WION լրատվամիջոցին տված հարցազրույցում։
«Ինչպես ցանկացած այլ երկիր, Հայաստանը նույնպես անում է առավելագույնը՝ ունենալու կամ խթանելու իր լոգիստիկ ուղիները՝ դառնալու համաշխարհային տարանցիկ ճանապարհների մաս։ Եվ այս առումով նոր հնարավորությունների ուսումնասիրությունը չափազանց կարևոր է Հայաստանի համար։ Ավելին, մենք հանդես ենք եկել մեր սեփական նախաձեռնությամբ՝ «Խաղաղության խաչմերուկով», որը, նախ և առաջ, նախատեսում է Հարավային Կովկասի բոլոր տրանսպորտային և տարանցիկ ենթակառուցվածքների ապաշրջափակումը, բայց նաև այս նախաձեռնությունը դուրս է գալիս Հարավային Կովկասի շրջանակներից, հատկապես եթե հաշվի առնենք, որ դրա իրականացումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն տարածաշրջանի երեք երկրների վրա։ Ուստի, մենք հետաքրքրված ենք նոր տարանցիկ ուղիների ուսումնասիրությամբ՝ ներառյալ նավահանգիստները, երկաթուղիները, էլեկտրականության և ինտերնետային մալուխները և այլն»,- նշել է Միրզոյանը:
ՀՀ ԱԳ նախարարը հավելել է, որ տվյալ նախագիծն իրականացնելու համար, իհարկե, առաջին հերթին հայկական կողմը կենտրոնանում է իր հարևանների՝ ներառյալ Ադրբեջանի հետ բանակցությունների վրա։
«Մենք ներկայացրել ենք փոխշահավետ առաջարկ, որը ձեռնտու է երկու երկրներին։ Միաժամանակ, շարունակում ենք բանակցությունները Թուրքիայի հետ սահմանների բացման և մեր երկաթուղային ենթակառուցվածքի վերագործարկման շուրջ, ինչը կապահովի Հայաստանի կապը Թուրքիայի հետ։ Այսպիսով, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում մենք դիտարկում ենք ոչ միայն Հյուսիս-Հարավ, այլև Արևմուտք-Արևելք, կամ եթե կուզեք՝ Արևելք-Արևմուտք, ուղղությունը։ Կրկին, եթե այս նախագիծն իրականացվի, այն շահավետ կլինի բազմաթիվ միջազգային դերակատարների համար»,- ասել է Միրզոյանը։