ՀՀ արդարադատության նախարարը և Վրաստանի դեսպանը կարևորել են ոլորտում լավագույն փորձի փոխանակումը
1 րոպեի ընթերցում

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, խոսելով տարիներ ի վեր ձևավորված համագործակցության օրինակելի ավանդույթներից՝ կողմերն արձանագրել են երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև առկա սերտ փոխգործակցությունը:
Հանդիպմանը կարևորվել է արդարադատության ոլորտում լավագույն փորձի փոխանակումը՝ ներառյալ արդարադատության համակարգի թվայնացման, դատաիրավական, անձնական տվյալների պաշտպանության, տեղեկատվության ազատության ապահովման և մի շարք այլ ոլորտներում: Այս իմաստով կարևորվել են Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարությունների պարբերական հանդիպում-քննարկումներն իրավական ֆորումի շրջանակում: Նախորդ տարի հյուրընկալ երկիր է եղել Հայաստանը, այս տարի ակնկալվում է, որ ֆորումը կանցկացվի Վրաստանում:
Ըստ աղբյուրի՝ դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար՝ նշելով, որ իր իրավասության շրջանակում գործադրելու է բոլոր ջանքերն ի նպաստ հետագա համատեղ ծրագրերի իրականացման: