Տնտեսություն

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել Երևանի և մարզերի շինարարական հրապարակներում

3 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել Երևանի և մարզերի շինարարական հրապարակներում

Պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքի վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հերթական շրջայցն է կատարել կոմիտեի համակարգմամբ իրականացվող մի քանի ծրագրերի շինարարական հրապարակներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, կառույցի ղեկավարը կոմիտեի պատասխանատուների հետ այցելել է Արագածոտնի մարզ, որտեղ իրականացվում է Աշտարակի բժշկական կենտրոնի վերակառուցման ծրագիրը։ Ավարտական փուլում են պոլիկլինիկայի, դիահերձարանի, կաթսայատան, պոմպակայանի և ջրամբարների, ինչպես նաև արտաքին ինժեներական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները:

«Հաջորդ կանգառն Արարատի մարզում էր, որտեղ վերակառուցվում է Արտաշատի բժշկական կենտրոնի պոլիկլինիկան։ Իրականացվում են ներքին հարդարման, ներքին և արտաքին ինժեներական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները:

Երևանում կոմիտեի նախագահը դիտարկել է դպրոցների մարզադահլիճների վերակառուցման ծրագրերի շրջանակում կատարված աշխատանքները, մասնավորապես՝ Երևանի Ա. Երզնկյանի անվան N118 ավագ դպրոցի, Սիլվա Կապուտիկյանի անվան N145, Վ. Թեքեյանի անվան N92 և Մ. Սարյանի անվան N86 հիմնական դպրոցների մարզադահլիճներում։

Վերջին կանգառը Հեծանվային սպորտի ու Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի շինհրապարակում էր։ Ծրագրի շրջանակում կառուցվել է 2 մասնաշենք՝ մեկը՝ գեղարվեստական մարմնամարզության, մյուսը՝ հեծանվային սպորտի համար նախատեսված: Մարզադպրոցի պարագծով տեղակայվելու է հեծանվային վազքուղին: Այժմ ընթանում են ներքին և արտաքին հարդարման, տարածքի բարեկարգման աշխատանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Եղիազար Վարդանյանը կապալառու և նախագծային կազմակերպությունների, ինչպես նաև կոմիտեի գլխավոր քարտուղարի ու մասնագիտական ստորաբաժանման ներկայացուցիչների հետ քննարկել է ծրագրերի իրագործման տեմպերը, կատարված աշխատանքների համապատասխանությունը սահմանված չափանիշներին։ Նա ընդգծել է, որ շինարարական մեծածավալ ծրագրերի հիմքում հստակ պահանջ է դրված՝ կիրառել ժամանակակից տեխնոլոգիաներ, լավագույն շինարարական նյութեր, խստորեն պահպանել նորմերը, իսկ շինհրապարակներում՝ աշխատանքային պատշաճ միջավայրը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում