ՃՏՊ-ների և դրանց հետևանքով մահվան ու մարմնական վնասվածքների ցուցանիշները նվազել են

5 րոպեի ընթերցում

Ամբողջ հանրապետությունում պարեկային ծառայության գործունեության ներդրումից հետո նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարների և դրանց հետևանքով մահվան ու մարմնական վնասվածքների թվերը։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը նշեց, որ Հայաստանում հաշվառված է մոտ 970 հազար տրանսպորտային միջոց, որից գործող ԱՊՊԱ պայմանագիր ունեցողների, այսինքն՝ ենթադրաբար շահագործվողների քանակը կազմում է մոտ 700 հազար։ 

Ըստ Չիլինգարյանի՝ ՀՀ-ում անցած տարի  արձանագրվել է վիճակագրական հաշվառման ենթակա 4314 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 333 և մարմնական վնասվածքներ է ստացել 6116 մարդ։

«Պիտի նշեմ, որ ունենք 3 ցուցանիշների նվազում 2023 թվականի համեմատ։ Մասնավորապես՝ պատահարների քանակը նվազել է 299-ով կամ 6,5 տոկոսով, զոհերի թիվը նվազել է 45-ով և մարմնական վնասվածք ստացած անձանց թիվը 421-ով»,-մանրամասնեց Պարեկային ծառայության պետի տեղակալը։

Նրա խոսքով՝ այս նվազումը պայմանավորված է նաև անցած տարեսկզբից ամբողջ ՀՀ-ում պարեկային ծառայության ներդրմամբ ու գործունեությամբ։ 

«Պարեկային ծառայությունն իր գործունեության հիմնական ուղղություններից մեկը համարում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը։Այդ ուղղությամբ իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ ինչպես կանխարգելիչ, այնպես էլ կազմակերպչական ու քարոզչական, որոնք տվել են իրենց արդյունքը։ Վերջին երկու տարիներին ինտենսիվ պայքար ենք մղել ապակիների լուսաթափանցելիության խախտումների դեմ, և պետք է ասել, որ դա ևս տվել է իր արդյունքը, քանի որ վարորդի տեսադաշտը սահմանափակող ցանկացած գործոն, եթե ուղղակիորեն տրանսպորտային պատահարի պատճառ չի հանդիսանում, ապա առնվազն վարորդի տեսադաշտը սահմանափակվում է և նա զրկվում է իրավիճակը ճիշտ գնահատելուց»,-մանրամասնեց Չիլինգարյանը։

Կանխարգելիչ մյուս միջոցառումներից նա թվարկեց ոչ սթափ վիճակում վարելու, մարդաշատ վայրերում հետիոտնի կողմից իրավախախտումների հայտնաբերումն ու կանխարգելումը, ինչպես նաև ամրագոտիները չկապելու, վարելու ընթացքում հեռախոսից օգտվելու, ծխելու իրավախախտումների և բնակավայրերից դուրս արագության գերազանցումների դեմ պայքարը։ 

Մեր զրուցակցի համոզմամբ՝ հենց այս միջոցառումների համալիրի արդյունքում է հաջողվել գրանցել ՃՏՊ-ների ու դրանց հետևանքով զոհերի և մարմնական վնասվածքների ցուցանիշների նվազումը։

Դրա փոխարեն ավելացել է վարչական իրավախախտումների թիվը։

«Անցած տարի արձանագրվել է մոտ 940 հազար վարչական իրավախախտում, որը դրան նախորդած տարվա համեմատ 260 հազարով ավելի է։ Սա խոսում է այն հանգամանքի մասին, որ ոչ թե իրավախախտումների քանակն է ավելացել, այլ մեր աշխատանքն է ավելի ինտենսիվացել, և իրավախախտումների քանակն էլ աճել է պայմանավորված այն հանգամանքով, որ պարեկային ծառայությունն արդեն գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում»,-պարզաբանեց Չիլինգարյանը։ 

Անդրադառնալով պատահարների հիմնական պատճառներին՝ նա նշեց, որ դրանց մեծ մասը տեղի է ունենում արագության սահմանված ռեժիմը չպահպանելու հետևանքով։

«Այստեղ պետք է խոսենք ոչ թե կանոններով կամ նշաններով սահմանված արագությունը գերազանցելու մասին միայն, այլ որոշակի պայմաններում ճիշտ արագության ռեժիմ չընտրելու։ Օրինակ՝ եթե ձմեռային պայմաններում կանոնը նույնն է մնում, ապա վարորդը, հաշվի առնելով որոշակի պայմաններ՝ ասֆալտի սառած լինելը, անիվի շփումն ասֆալտի մակերևույթի հետ, պետք է ընտրի ավելի ցածր արագություն, քան թույլատրված է կանոններով։ Այսինքն՝ վարորդը իր վարքագիծը պետք է համապատասխանեցնի ոչ միայն սահմանված կանոններին, այլ նաև շրջակա միջավայրի դրսևորումներին»,-համոզմունք հայտնեց Պարեկային ծառայության պետի տեղակալը՝ հավելելով, որ ՃՏՊ-ների, հատկապես վրաերթերի պատճառ են հանդիսանում նաև հետիոտնի կողմից ճանապարհը չսահմանված վայրով հատելու իրավախախտումները, բնակավայրերից դուրս չլուսավորված ճանապարհներին ոչ սթափ վիճակում վարելը։ 

Մահվան ելքով պատահարները հիմնականում ամրագոտիների չկիրառման և արագությունը գերազանցելու հետևանք են։

«Մենք գիտենք, որ կա միջազգային վիճակագրություն, որ ամրագոտու կիրառումը մոտ 80 տոկոսով կրճատում է ՃՏՊ-ի հետևանքով զոհվելու հավանականությունը, իսկ մարմնական վնասվածքներինը՝ 50 տոկոսով»,-ընդգծեց Չիլինգարյանը։

Հայերեն

«RISE 2026». Փաշինյանը ծանոթացավ ռազմարդյունաբերական արտադրանքին

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել