Հայաստանը և Իրանը զգայուն են միմյանց շահերի նկատմամբ. ՀՀ վարչապետը՝ ԻԻՀ պետական հեռուստաընկերությանը
7 րոպեի ընթերցում

Շատ կարևոր է արձանագրել, որ Հայաստանն Իրանի Իսլամական Հանրապետության շահերի նկատմամբ զգայուն է, և Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես Հայաստանի շահերի նկատմամբ զգայուն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստաընկերությանը (IRIB) տված հարցազրույցում։
- Հանուն բարձրյալն Աստծո, մեծարգո վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստաընկերության այս հարցազրույցն անցկացնելու խնդրանքն ընդունելու համար: Ձեր թույլտվությամբ մեր զրույցը սկսենք երկկողմ հարաբերություններից: Իրանի և Հայաստանի բարեկամական հարաբերություններն ավելի քան 1000 ամյա վաղեմություն ունեն, և այդ հարաբերությունները միշտ համարվել են եզակի հարաբերություններ: Միևնույն ժամանակ երկու երկրներն էլ ունեն զգալի կարողություններ, որոնք ամբողջությամբ չեն իրացվել: Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների զարգացումն ինչպե՞ս է սահմանվում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ:
- Շնորհակալ եմ և ուրախ եմ այս հնարավորության համար: Ես միշտ ընդգծում եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա: Եվ սա թերևս երաշխիք է, որ երկու երկրների հարաբերությունները զարգացման ռազմավարական տրամաբանության մեջ են գտնվում: Եվ մենք ուրախ ենք արձանագրել, որ մեր հարաբերությունները զարգանում են և՛ քաղաքական երկխոսության մակարդակում, և՛ տնտեսական գործակցության մակարդակում: Մենք ուրախ ենք տեսնել ավելի շատ զբոսաշրջիկների Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն այցելող և Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն այցելող, և նաև մեր առևտրաշրջանառությունը բնական տեմպերով աճում է: Իհարկե, կան նաև խնդիրներ, խոչընդոտներ, որոնց չլինելու դեպքում գուցե թե այդ հարաբերությունները, մասնավորապես, առևտրատնտեսական ոլորտում ավելի մեծ կլինեին, բայց նաև կարծում եմ, որ մենք Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության հետ գործակցության շնորհիվ կարողանում ենք աճի բավականին լավ տեմպ ունենալ: Պիտի ասեմ նաև, որ մեր առևտրաշրջանառության աճը համարժեք է մեր տնտեսական աճին, որը բավականին բարձր է: Այս առումով՝ կարծում եմ, որ մենք պետք է գոհ լինենք հարաբերությունների այն մակարդակից, որն ունենք և աշխատենք, իհարկե, ավելի արդյունավետ դարձնել այդ հարաբերությունները։
- Դուք ասացիք, որ Իրանը պետք է հարաբերությունները զարգացնելու ինչ-որ քայլեր ձեռնարկի: Ի՞նչ պետք է անի:
- Տեսեք, ես ասացի, որ մեր հարաբերությունները բնականոն զարգացման ծիրի և ուղեծրի մեջ են, և կարծում եմ, որ և՛ Հայաստանի Կառավարությունը, և՛ Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարությունն այն ամենը, ինչ անհրաժեշտ է հարաբերությունների զարգացումն ապահովելու համար, իրականացնում են, և դրա վկայությունը մեր առևտրաշրջանառության աճն է: Եվ նաև ուրախությամբ պիտի ընդգծեմ, որ իրանական ընկերությունները բավական լայնորեն ներկայացված են Հայաստանի Հանրապետությունում: Մասնավորապես, այսօր Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև նոր մաքսային անցակետի շինարարության մեջ է ներգրավված Իրանի Իսլամական Հանրապետության ընկերություն, Հյուսիս-Հարավ ճանապարհի Ագարակ-Քաջարան հատվածը հիմա հաջողությամբ իրականացնում է Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայացնող ընկերություն։
Իմ գնահատականն այն է, որ Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության կողմից կա կամք բնական շահերի վրա հիմնված հարաբերությունների զարգացումը պահելու բնական ուղեծրի վրա։
- Ինչպես տեղյակ եք՝ Իրան-Հայաստան հարաբերություններն ունեն լուրջ հակառակորդներ, բայց կարևորը երկու երկրների ազգային շահերն են: Ձեր կարծիքով, ինչպե՞ս պետք է պաշտպանել այդ հարաբերությունները։
- Այն բանաձևը, որի մասին ես ասացի, հարաբերություններ, որոնք հիմնված են երկու երկրների բնական շահերի վրա, հենց այս բանաձևն ինքը որոշակի պաշտպանություն է ստեղծում հարաբերությունների զարգացման համար։ Ընդհանրապես պետք է արձանագրել, որ միջազգային հարաբերությունները բարդ են և միշտ էլ բարդ են եղել, այսինքն` մենք մարդկության պատմության մի ժամանակաշրջան չենք կարող դուրս բերել, որ ասել, գիտեք ինչ՝ հարաբերությունները շատ պարզ էին, հարաբերությունները միշտ բարդ են և միշտ կա ցանկություն անել ավելին և այդ ավելին անելու ցանկությունն է, որ բերում է զարգացման և աճերի:
Շատ կարևոր է արձանագրել, որ մենք Իրանի Իսլամական Հանրապետության շահերի նկատմամբ զգայուն ենք, և Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես մեր շահերի նկատմամբ զգայուն է: Ես կարծում եմ, որ մենք պետք է կենտրոնանանք հարաբերությունների բնական շահերի վրա հիմնված լինելու հանգամանքի վրա, որը մեր հարաբերությունները դարձնում է օրգանական, մեր հարաբերությունները դարձնում է կենդանի, մեր հարաբերությունները դարձնում է ապրող և զարգացող։ Եվ այս իմաստով ես միշտ հակված եմ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերություններում կենտրոնանալ դրական գործոնների վրա, որովհետև եթե կենտրոնանանք բացասական գործոնների վրա, որոնք…
Ինչպես նշում եք՝ կան գործոններ, որոնք նեգատիվ են ազդում, այդ գործոնները գաղտնիք չեն, այդ թվում՝ բարդ հարաբերություններն են Իրանի Իսլամական Հանրապետության և մի շարք արևմտյան երկրների միջև, որոնց հետ մենք նույնպես ունենք հարաբերություններ, ընդ որում՝ լավ հարաբերություններ: Մենք փորձում ենք Իրանի Իսլամական Հանրապետության այս զգայուն շահերը հաշվի առնել և մեր գործընթացներում հակադրություններ չստեղծել, այդ թվում՝ այն պատճառով, որ Իրանի հետ մեր հարաբերությունների զարգացումը բխում է մեր բնական շահերից:
- Նոուրուզի՝ իրանական Նոր տարվա շեմին ենք կանգնած: Ո՞րն է Ձեր պատգամը այդ առիթով Իրանի ժողովրդին:
- Իրանի ժողովրդին ցանկանում եմ բարեկեցություն, զարգացում, խաղաղություն, երջանկություն, ինչը և ցանկանում եմ Հայաստանի ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը: Այսինքն՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը և Իրանի ժողովրդին, բարեկամ եղբայրական ժողովրդին ցանկանում եմ այն նույնը, ինչ ցանկանում եմ Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին։ Եվ իհարկե, առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել Իրանի Իսլամական Հանրապետությանը, նրա բարեկամ ժողովրդին և Իրանի Իսլամական Հանրապետության իմ գործընկերներին այդ կարևոր տոնի առիթով: