Հայաստան

Հեռախոսների IMEI համարների գրանցման նախագիծը կլրամշակվի մինչև երկու ամսում. Դավիթ Թադևոսյան

2 րոպեի ընթերցում

Հեռախոսների IMEI համարների գրանցման նախագիծը կլրամշակվի մինչև երկու ամսում. Դավիթ Թադևոսյան

Բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների՝ IMEI համարների գրանցման մասին օրենսդրական նախագիծը կլրամշակվի։ Կառավարությունը մտադիր է մինչև երկու ամսում Ազգային ժողով ներկայացնել քննարկման համար ավելի պատրաստ տարբերակ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը։

«Ինչո՞ւ ենք հետաձգում՝ երևի դրանից սկսեմ։ Հիմնական խնդիրը, որը գործադիրն ուզում է լուծել այս նախաձեռնությամբ, ստվերային շրջանառության դեմ պայքարն է։ Այսինքն՝ ֆիսկալ խնդրի լուծման անհրաժեշտություն ենք տեսնում»,– ասել է նախարարը։

Թադևոսյանի խոսքով՝ նախագծում հարկավոր է ավելի հստակ սահմանել կիրառվող եզրույթները և կարգավորման տեխնիկական կողմը։ Նա նշել է, որ կծանոթանա պատգամավորների դիտողություններին․

«Շնորհակալ եմ այս հնարավորության համար՝ ևս երկու ամիս աշխատելու օրենքի նախագծի վրա։ Համոզված եմ՝ մյուս տարբերակը, որы ձեզ կներկայացնենք, էապես ավելի հստակ և կիրառելի կլինի այն խնդրի լուծման համար, որը օրենքը կոչված է լուծելու»։

Նախարարը նաև ներկայացրել է նախաձեռնության հիմնական գաղափարը. նախատեսվում է բջջային կապի օպերատորների մասնակցությամբ ստեղծել կազմակերպություն, որը կկառավարի հեռախոսների IMEI համարների շտեմարանը։ Այդ համարները թույլ կտան նույնականացնել սարքերը և տարբերակել օրինական ճանապարհով ներմուծված հեռախոսները։ Թադևոսյանը կրկնել է, որ հնարավոր սահմանափակումների կիրառման պայմանները դեռ պետք է հստակեցվեն։

Կառավարությունը հունիսի 25-ին հավանություն էր տվել IMEI համարների միասնական գրանցման համակարգ ներդնելու նախագծին՝ դրա նպատակների թվում նշելով չմաքսազերծված և կեղծ կամ փոփոխված նույնականացուցիչներով հեռախոսների շրջանառության դեմ պայքարը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում