12 րոպեի ընթերցում
Երկրորդ աշխարհամարտի եռուն շրջանում՝ 1943 թվականին հիմնադրված ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտն այսօր էլ ձգտում է պահպանել իր բարձր վարկանիշն ու հեղինակությունը: Հայաստանի հնագույն ակադեմիական ինստիտուտներից մեկում իրականացվում են արդեն ժամանակակից գիտական մտքին համահունչ կարևորագույն հետազոտություններ, կատարվում են մշակումներ, որոնք կարող են բեկումնային լինել մինչև իսկ համաշխարհային բժշկությունում՝ փրկելով միլիոնավոր մարդկանց կյանքեր կամ, գոնե, թեթևացնելով նրանց վիճակը: Դա կարող է իրականություն դառնալ միայն համակողմանի աջակցության դեպքում, ցանկալի է՝ պետական մակարդակով:
Հայաստանի գիտական հիմնարկներին նվիրված շարքը «Արմենպրես»-ը որոշեց սկսել Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտից, որի գործունեությունը ժամանակին պատված էր առեղծվածայնության շղարշով:
Այստեղ բացահայտում են կյանքի ու բնության գաղտնիքները
Ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Նաիրա Այվազյանն անթաքույց հպարտությամբ է նշում՝ լինելով Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիր գիտական կենտրոններից մեկը, Օրբելու անվան ինստիտուտը նյարդաֆիզիոլոգիայի նեղ ոլորտում առաջատար էր Խորհրդային միությունում, լուրջ համբավ ուներ ոչ միայն համամիութենական, այլև միջազգային գիտական շրջանակներում: Մասնագիտացած էր ուղեղի աշխատանքի ուսումնասիրության ասպարեզում, ինչը հատկապես անտեղյակների շրջանում երբեմն ծնում էր ֆանտաստիկ պատմություններ: Այսօր էլ դա մնում է գիտական այս օջախում ուսումնասիրությունների հիմնական ուղղություններից:
Իսկ ընդհանրապես ինստիտուտի 13 լաբորատորիաների մեծ մասը ներկայում զբաղվում է նյարդային համակարգի ֆիզիոլոգիային, այդ թվում՝ նյարդային բարդ պաթոլոգիաներին (Ալցհեյմերի հիվանդություն, Պարկինսոնի հիվանդություն և այլն) վերաբերող աշխատանքներով: Նաիրա Այվազյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրությունները կատարվում են կենդանական մոդելների վրա, սակայն հոգեֆիզիոլոգիայի լաբորատորիան զբաղվում է արդեն մարդու հոգեկան տարբեր վիճակների՝ ֆիզիոլոգիական վերափոխումների հետ կապով:
Նոր ժամանակներ՝ նոր հրամայականներ
XXI դարի առաջին տասնամյակից սկսած՝ ինստիտուտում անհատների ջանքերով զարգացել են մի շարք նոր հետաքրքիր ուղղություններ: Ըստ Նաիրա Այվազյանի՝ այդպիսիններից է, օրինակ, մի քանի գիտնականների կողմից ներդրված կենսաֆիզիկական ուղղվածությունը, որը կենդանական և ընդհանուր օրգանիզմի մակարդակից անցնում է դեպի մոլեկուլյար և նույնիսկ ավելի խորը մակարդակներ:
Իսկ 2013 թվականին հիմնվել է Հյուսվածքային ինժեներիայի լաբորատորիան, որը ղեկավարում է ԱՄՆ-ի «Ջորջ Վաշինգթոն» համալսարանում աշխատելու փորձ ունեցող Զարուհի Կարաբեկյանը:
«Հիմա մեզ մոտ այդ խնդիրներով զբաղվում են մի քանի լաբորատորիաներ: Խոսքը կենդանական մոդելներից հյուսվածքայինի անցնելու մեթոդաբանության մասին է: Սա արդեն առնչվում է փոխպատվաստումների ոլորտին, քանի որ հյուսվածքային ինժեներիան ռեգեներատիվ վերականգնողական բժշկագիտության հիմքն է: Որոշ պաթոլոգիաների դեպքում ավելի հեշտ է փոխարինել օրգանը կամ դրա մի մասը, քան փորձել բուժել այն»,- նշեց Նաիրա Այվազյանը:
Ինստիտուտն արդյունավետ համագործակցում է նաև հյուսվածքաբան, սրտանոթային ֆիզիոլոգիայի պրոֆեսոր, «Ջորջ Վաշինգթոն» համալսարանի բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Նարինե Սարվազյանի հետ, որի ներգրավվածությամբ այստեղ իրականացվել են հյուսվածքային ինժեներիայի և կենսապատկերավորման դասընթացներ:
Հենց նա է ղեկավարում 2.5 մլն եվրո արժողությամբ 5-ամյա նախագիծը, որն ինստիտուտում իրականացվում է 1.5 տարի առաջ Եվրախորհրդի տրամադրած գրանտային ծրագրի շնորհիվ: Նարինե Սարվազյանի հիմնած և գլխավորած լաբորատորիան, ինչպես նշեց տնօրենը, շատ մոտ է կենսաֆիզիկական կենսապատկերավորման մեթոդների (հիպերսպեկտրալ անալիզի) ներդրմանը վիրահատական որոշ գործողություններում: Հիպերսպեկտրալ անալիզը թույլ կտա էկրանի վրա տեսնել ամբողջ ախտահարված շրջանը և ավելի տեսողական դարձնել վիրահատությունները: Այդ մեթոդն արդեն կիրառվում է արտասահմանում, բայց Հայաստանում դեռևս փորձարկման փուլում է: Ներդրման համար պահանջվելու են նաև օրենսդրական կարգավորումներ:
Նախագիծը միտված է նաև կառավարման մի շարք համակարգերի, մասնավորապես, կենդանիների հետ աշխատանքի, մարդու հյուսվածքների և նյութի հետ աշխատանքի էթիկայի ներդրմանը Հայաստանում: Դրա բացակայությունը հաճախ խնդիր է ստեղծում արտասահմանցիների հետ համագործակցելու, գրանտեր շահելու և մասնագիտացված հեղինակային հարթակներում գիտական աշխատություններ հրապարակելու առումով:
Նաև եվրոպական ամենաբարձր չափանիշներով վերանորոգվում է ինստիտուտի կենդանաբուծարանը, որը կկարողանա սպասարկել հանրապետության այլ գիտական հիմնարկների ևս: Այս ամենի նպատակն է ինստիտուտը վերածել եվրոպական մակարդակի առաջադեմ կենտրոնի:
Ցուկերբերգը և Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը
Նախորդ տարվա նոյեմբերին ինստիտուտում ավարտվել է ամերիկյան եռամյա խոշոր գրանտային նախագիծ, որն իրականացվել էր «Ֆեյսբուք»-ի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգի կնոջ՝ Չան Պրիսցիլայի նախաձեռնությամբ: Ծրագիրը վերաբերում էր կենսապատկերավորման ժամանակակից մեթոդների ներմուծմանը բժշկությունում:
Հակաքաղցկեղային միջոցների մշակում և մաշկի աճեցում
Տարբեր երկրներում նոր թափ և բովանդակություն է հաղորդվում հակաքաղցկեղային դեղամիջոցների մշակմանը: Նման աշխատանքներ, ինչպես հայտնեց Նաիրա Այվազյանը, իրականացվում են նաև Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում:
«Կարծում եմ, մեր օբտուստատինը (այդպես է կոչվում գյուրզայի թույնից ստացվող նյութը) շատ հեռանկարային մշակում է որոշ ագրեսիվ ուռուցքային պաթոլոգիաների դեպքում, որոնք հանգեցնում են մարդու մահվան: Գիտնականները փորձում են հակահնար գտնել դրա դեմ: Հիմնական խնդիրը նրանում է, որ առկա դեղամիջոցները շատ հեշտ է հասցնել տեսանելի ուռուցքներին, բայց, քանի որ դրանք արագ չեզոքանում են օրգանիզմում՝ ներքին որոշ ուռուցքներին թիրախային հասցնելը բարդ է: Մի շարք գիտնականներ հիմա փորձում են գտնել այդ խնդրի լուծումը: Այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարվում նաև մեր ինստիտուտում: Օրինակ, մեր կենսաֆիզիկական լաբորատորիաներից շատերը մասնագիտանում են այն ուղղությամբ, որ ապահովեն դեղորայքի հասանելիություն ախտահարված շրջան:
Արդյունքը կարող է շատ ոգևորիչ լինել մեր գիտնականների համար, բայց ամենադժվար փուլը սկսվում է այն ժամանակ, երբ արդեն կա 100 տոկոսանոց լավ արդյունք, որը պետք է դուրս բերել շուկա: Այստեղ սկսվում են ամենամեծ խնդիրները՝ կապված տարբեր կարգավորումների, թղթաբանության և փորձարկումների հետ»,- նշեց տնօրենը:
Նմանապես դժվարություններով է պայմանավորված արդյունաբերական ծավալներով մարդու մաշկ ստանալու գործընթացը: Մեր զրուցակիցը հայտնեց, որ ինստիտուտի լաբորատորիայում կարողանում են աճեցնել խիստ փոքր մակերեսով մաշկ, սակայն փոխպատվաստման համար անհրաժեշտ մեծ ծավալներ հնարավոր է ապահովել միայն խոշոր ներդրումների և աջակցության միջոցով:
Պետական աջակցություն
Ինստիտուտը բոլոր ձևաչափերով ակտիվ մասնակցում է նաև ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի իրականացրած գրանտային ծրագրերին: Նաիրա Այվազյանը հայտնեց, որ ներկայում ունեն մոտ 20 տարբեր նախագծեր՝ ասպիրանտականից մինչև առաջատար գիտնականների: Բացի այդ, զգալիորեն արդիականացվել է սարքային բազան, ինչն անչափ կարևոր է նման փորձարարական կենտրոնի համար: Ինստիտուտը վերազինվել է մասնագիտական ուղղվածությանը համապատասխանող, երբեմն նույնիսկ Հայաստանի համար բացառիկ սարքավորումներով: Դրանցից մեկը՝ էլեկտրոնային թափանցող մանրադիտակը, ձեռք է բերվել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ և Հայաստանում միակն է գիտության ոլորտում:
Խնդիրներ, խնդիրներ...
Նաիրա Այվազյանն արձանագրեց, որ, այս ամենով հանդերձ, ինստիտուտի ենթակառուցվածքները՝ շենքային պայմանները, հնացած են, ունեն արդիականացման կարիք: Խնդիրը փորձում են լուծել նախորդ գրանտային ծրագրերի վերադիր ծախսերով, սակայն նման խոշոր գրանտներ հաճախ չեն լինում: Այնինչ, անհրաժեշտ պայմանների բացակայությունը երբեմն խանգարում է արդյունավետ աշխատանքի իրականացմանը: Օրինակ, հյուսվածքային, բջջային ստրուկտուրաների հետ աշխատանքը պահանջում է հատուկ պայմաններ, ամբողջովին ստերիլ միջավայրի առկայություն: Դա, որպես կանոն, հաջողվում է ապահովել համապատասխան բոքսերի միջոցով:
Սակայն որոշ աշխատանքների համար պահանջվում են բոլորովին այլ պայմաններ, որոնք ինստիտուտում բացակայում են: Դրանք անհրաժեշտ են, օրինակ, կենդանական տոքսինների հետ աշխատանքն արտադրանքի վերածելու համար: Խոսքը, մասնավորապես, օձի թույնի դեմ հակաթույն ստեղծելու կարևորագույն առաքելության մասին է:
«Նախատիպն ունենք, ամեն ինչ արված է, բայց նույնիսկ փոքրածավալ արտադրության համար պետք են լրիվ այլ պայմաններ: Դա արդեն անհնար է ապահովել ինստիտուտում՝ առանց համապատասխան պայմանների առկայության»,- ներկայացրեց Նաիրա Այվազյանը, ով, ի դեպ, Թունաբանության համաշխարհային կազմակերպության ընտրված նախագահն է, իսկ հաջորդ տարվանից կդառնա լիազոր նախագահ:
Նա հայտնեց նաև, որ որոշ սարքավորումների համար էլ անհրաժեշտ են հակավիբրացիոն պայմաններ: Ըստ տնօրենի՝ արդիականացման փոքրածավալ աշխատանքների իրականացումը ֆինանսական շատ մեծ ներդրումներ չի պահանջում:
«Այլ հարց է կապիտալ վերանորոգումը, որի մասին տող բոլորիս բյուջեներում ընդհանրապես նախատեսված չէ: Այսինքն, ենթակառուցվածքի պահպանման բազային ծրագիրը կապիտալ վերանորոգում չի ենթադրում՝ անգամ գումարի առկայության պարագայում: Կարծում եմ, կարելի է մտածել բյուջեում դրա վերաբերյալ տող ավելացնելու մասին»,- նշեց մեր զրուցակիցը:
Զարգացման հեռանկարներ
ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտն ունի զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր: Գլխավոր նպատակն է այն վերածել գերազանցության կենտրոնի: Անչափ կարևոր է, որ այս և գիտական ահռելի ներուժ ունեցող հայրենական մյուս ինստիտուտներն արժանան պետության և մասնավոր ներդրողների ավելի մեծ աջակցությանը: Դա միայն կնպաստի Հայաստանի գիտական հեղինակության աճին, մարդկանց կյանքի որակի բարելավմանը և, իհարկե, կապահովի տնտեսական էֆեկտ: