ՔՊ պատգամավորը հայտարարում է, որ Vbet-ի կայքը Հայաստանում օրենքի խախտմամբ է գործունեություն ծավալում, գրանցված չէ երկրում
2 րոպեի ընթերցում
Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանում օրենքի խախտմամբ գործունեություն է ծավալում Vbet-ի ինտերնետային կայքը, քանի որ այն գրանցված չէ երկրում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայկ Սարգսյանն այս մասին ասել է ԱԺ նիստում շահումով խաղերի ոլորտի ընկերությունների հարկային բեռը բարձրացնելու նախագծի քննարկման ժամանակ, որի համահեղինակներից մեկը հենց ինքն է:
«Հայաստանում տվյալ գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեն միայն այն ընկերությունները, որոնք վճարում են տարեկան տուրք և լիցենզավորվում են: Ցավոք սրտի, Հայաստանում այսօր էլ գործում են 50–ից ավելի այլ միջազգային կազմակերպություններ, որոնք, որևէ հարկ ու տուրք չվճարելով Հայաստանին, ոլորտում գործունեություն են ծավալում»,-ասաց Սարգսյանը:
Պատգամավորը նշեց՝ չեն կարող այնպիսի սահմանափակումներ մտցնել, որ Հայաստանում գրանցված այլ ընկերությունները փակվեն ու վերաձևակերպվեն որպես արտասահմանում գրանցված ընկերություններ ու շարունակեն իրենց գործունեությունը՝ այդպիսով որևէ հարկ չվճարելով:
«Հայաստանում օրենքի խախտմամբ գործունեություն է ծավալում Vbet.com ինտերնետային կայքը, որը գրանցված չէ Հայաստանի Հանրապետությունում և օրենքով Հայաստանում գործունեություն ծավալելու իրավունք չունի»,–ասաց Սարգսյանը:
Նա հղում կատարեց Շահումով խաղերի մասին օրենքին, որով արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերին մասնակցության հնարավորության ստեղծումը, ինչպես նաև այդ խաղերի գովազդումը Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետությունում հասանելի համացանցի տիրույթում: