Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» կազմակերպության տնօրենը քննարկել են կրթության ապակենտրոնացմանը վերաբերող հարցեր

6 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» կազմակերպության տնօրենը քննարկել են կրթության ապակենտրոնացմանը վերաբերող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» կազմակերպության ներկայացուցիչներին՝ գործադիր տնօրեն Ռայան Նոքսի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման ու տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» (ԴեաԼոԳ) ծրագրի ղեկավար Շեյն Քուինը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, քննարկվել են «ԴեաԼոԳ» ծրագրի ընթացքը և ապակենտրոնացման ու հանրակրթության ոլորտում կառավարման  բարեփոխումների շուրջ հետագա համագործակցության հնարավորությունները: 

Ծրագիրը ֆինանսավորվում է շվեդական Sida-ի (Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալություն) և  Շվեդիայի տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցիացիայի (SALAR) դուստր կազմակերպության կողմից։

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ ապակենտրոնացման քաղաքականությունը ՀՀ կառավարության ռազմավարական ուղղություններից է:

«Ապակենտրոնացումը ոչ միայն քաղաքականության ուղղություն է, այլև սկզբունքային մոտեցում. համոզված ենք՝ հանրային զարգացումը հնարավոր չէ  ապահովել, եթե տեղում չլինի ուժեղ և զարգացած ռեսուրս, որը կարող է յուրաքանչյուր բնակավայրում սեփական խնդիրների ձևակերպման և դրանց լուծման ուղղությամբ աշխատել»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու կարևորել կրթական ծառայությունների ապակենտրոնացմանն ուղղված համատեղ աշխատանքը:

ԿԳՄՍ նախարարը շեշտել է՝ կրթության ապակենտրոնացումը հնարավոր է ճանապարհային քարտեզի, տեղերում ձևավորվող կարողունակությունների և հստակ պատկերացումների առկայության պարագայում միայն: Այս համատեքստում նախարարը կարևորել է ապակենտրոնացման գործընթացի հնարավոր ազդեցությունը կրթության որակի վրա. 

«Պետք է ունենանք բավարար վստահություն, որ բոլոր հանգամանքները հաշվի են առնված և ապակենտրոնացնելով՝ միևնույն ժամանակ որակյալ կրթության պահանջն առաջին հորիզոնականում ենք պահում»: Նախարարը հույս է հայտնել, որ տարբեր համայնքների 34 դպրոցներում իրականացված ծրագիրը բավարար տվյալներ և տեղեկատվություն կապահովի հետագա գործընթացի համար։ 

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև կրթահամալիրների հիմնմանը` նշելով, որ այդ հաստատություններում իրականացվելու են նախադպրոցական, հանրակրթական, ինչպես նաև ոչ ֆորմալ կրթական ծրագրեր։ Կրթահամալիրները, ըստ նախարարի, վերոնշյալ գործընթացի առաջին թիրախն են և կարող են դիտարկվել նաև որպես համայնքային զարգացման կենտրոններ: 

«ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» կազմակերպության գործադիր տնօրեն Ռայան Նոքսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել Հայաստանի հետ հաջող համագործակցությունը:

«Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման ու տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» (ԴեաԼոԳ) ծրագիրը ներգրավել է 10 գործընկեր համայնքների, որոնք իրենց տարածքում գործող 34 դպրոցների հետ հանդես են եկել երկկողմ՝ դպրոց-համայնք համագործակցությունը խորացնելու նախաձեռնություններով։ Վերջիններս վերաբերում են 10-ից ավելի ուղղություններով հնարավոր համագործակցությանը՝ ներառյալ բուն դպրոցի կառավարումը, արտադպրոցական կրթությունը, քաղաքացիական կրթությունը, ենթակառուցվածքների համատեղ օգտագործումը, բուլինգը, գենդերային հավասարությունը, հակաճգնաժամային կառավարումը, շրջակա միջավայրի պահպանությունը և այլն։ 

Հյուրերի խոսքով՝ այս հորիզոնական համագործակցության խթանմամբ մի քանի նպատակ են հետապնդում՝ ապահովել ուղղակի օգուտներ և հավելյալ արժեք համայնքներում կրթության և մարդկային ռեսուրսի զարգացման ուղղությամբ,  որակյալ կամ ընդլայնված ծառայությունների շնորհիվ ձևավորել դպրոցի ու համայնքի զարգացման կամ համագործակցության համատեղ օրակարգ, որում երկու կողմն էլ նշանակալի ներդրում կունենան: Այս գործընթացը միաժամանակ  կնպաստի ապակենտրոնացման ավելի բարենպաստ միջավայրի ու փաստահեն քաղաքականության ձևավորմանը՝ հաշվի առնելով, որ ապակենտրոնացման հարցերի շուրջ քննարկումները տեղի են ունենում նաև տեղերում՝ համայնքներում և դպրոցներում, որով գործընթացը դառնում է ավելի մասնակցային։ 

Նշվել է, որ Երևանում տեղի կունենա նաև «ԴեաԼոԳ» ծրագրի կողմից կազմակերպվող ամենամյա Մունիցիպալ ֆորումը, որն այս տարի կիրականացվի «Համայնքների դերը կրթությունում․ ձայներ տեղերից» (Role of Municipalities in Education: Voices from Localities) խորագրի ներքո։

Քննարկվել են նաև կրթության կառավարմանն առնչվող, մասնավորապես՝ տարբեր մակարդակներում դերերի և պարտականությունների վերանայմանը վերաբերող մի շարք հարցեր՝ այս համատեքստում կարևորելով միջազգային առաջավոր փորձը:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում