Աջափնյակում բակային բարեկարգման շրջանակներում հանրությանը կվերադարձվեն ապօրինի ցանկապատված հատվածները
2 րոպեի ընթերցում

Երևանի Աջափնյակ շրջանի մի շարք հասցեներում ընթացիկ տարում կբարեկարգվի 7 բակային տարածք, ինչպես նաև կկառուցվի երեք ֆուտբոլի դաշտ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 18-ին շրջայց է կատարել և ծանոթացել բարեկարգման և հիմնանորոգման ենթակա տարածքներին ու դրանցից որոշների արդեն պատրաստ նախագծերին։
«Այն հատվածներում, որտեղ նախատեսում ենք իրականացնել բակային հիմնանորոգման, բարեկարգման աշխատանքներ, շատ հաճախ հանդիպում ենք առանձնացված, ցանկապատված տարածքների։ Դրանք բոլոր տեղերում վերածվում են հիմնականում աղբանոցների։ Նմանատիպ տարածքները պետք է բացազատվեն, մաքրվեն և նոր հիմնանորոգված բակեր, ֆուտբոլի դաշտեր ստանանք, խաղասարքեր տեղադրենք։ Հանրային տարածքները պատկանում են բոլորին․սա ամենակարևոր սկզբունքն է, որ Երևանի քաղաքապետարանը շատ կոշտ կերպով պաշտպանելու է և շարունակելու է առաջ տանել։ Կարծում եմ, Աջափնյակ վարչական շրջանում իրականացված նախորդ ծրագրերն ապացուցում են, որ այստեղ շատ արդյունավետ է աշխատում քաղաքապետարանի այս մոտեցումը»,-ասաց Ավինյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանի խոսքով՝ նախատեսվող աշխատանքների համար ավելի քան 300 միլիոն դրամ է նախատեսված։
«Հետագայում կտեսնենք, հնարավորության դեպքում՝ ավելի շատ կանենք։ Ունենք բակային հատվածներ, որոնք զավթված են և տարիներ շարունակ ցանկապատված են եղել․ բացազատելու ենք և փոխարենը բարեկարգ տարածքներ ստեղծենք»,-նշեց Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ որոշ հասցեներում արդեն մեկնարկել են նախագծման աշխատանքները, որոշներում՝ մրցութային փուլում են։
Վարչական շրջանում ներկայում բարեկարգվում է թիվ 47 մանկապարտեզի բակը, իսկ նախատեսվող աշխատանքներով որոշ փողոցներում կիրականացվեն նաև սալիկապատման ու եզրաքարերի փոխարինման աշխատանքներ։ Բարեկարգված բակերում կտեղադրվեն նոր խաղասարքեր մարզասարքեր։