Երևանի 100-ամյա բնակիչները ստանում են 1 միլիոն դրամ աջակցություն
1 րոպեի ընթերցում

Երևանի ավագանու որոշմամբ՝ մայրաքաղաքում հաշվառված 100 տարին լրացած տարեցները ստանում են 1 միլիոն դրամ ֆինանսական աջակցություն՝ ի նշան երախտագիտության նրանց կյանքի ընթացքում ներդրած աշխատանքի և հանրային ներդրման համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ավագանու անդամների հետ, այցելել է 100-ամյա Նունիկ տատիկին, ով տարիներ շարունակ եղել է ուսուցչուհի՝ իր կյանքը նվիրելով երեխաների կրթությանը։ Նույն ծրագրի շրջանակում քաղաքապետը հանդիպել է նաև 102-ամյա Սիսանբար տատիկի հետ, ով իր մասնագիտական գործունեությունը նվիրել է առողջապահությանը՝ աշխատելով որպես բուժքույր։
Երևանի քաղաքապետարանը շեշտում է, որ տարեցների նկատմամբ հոգատարությունը քաղաքային իշխանության քաղաքականության անբաժանելի մասն է։