Իրան

Իրանը նամակ է ուղղել ՄԱԿ-ին՝ Թրամփի հակաիրանական հայտարարությունները որակելով տագնապալի և անպատասխանատու

2 րոպեի ընթերցում

Իրանը նամակ է ուղղել ՄԱԿ-ին՝ Թրամփի հակաիրանական հայտարարությունները որակելով տագնապալի և անպատասխանատու

ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին նամակ է ուղղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և գլխավոր քարտուղարին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի վերաբերյալ հայտարարությունները որակելով տագնապալի և անպատասխանատու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։ 

Իրանի նման արձագանքն են առաջացրել Թրամփի հայտարարությունները The New York Post-ին և Fox News-ին տված հարցազրույցներում. ԱՄՆ նախագահը նշել էր, որ կնախընտրեր ոչ թե ռմբակոծել Իրանը, այլ գործարք կնքել, որպեսզի երկիրը միջուկային զենք չունենա։

ՄԱԿ-ին ուղարկված փաստաթղթում ընդգծվել է, որ Իրանը կտրականապես մերժում և դատապարտում է այդ անխոհեմ սպառնալիքը։

«Այս անխոհեմ և սադրիչ հայտարարությունները հանդիսանում են միջազգային իրավունքի և Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության ակնհայտ խախտում, մասնավորապես՝ 2-րդ հոդվածի 4-րդ կետի, որն ուղղակիորեն արգելում է ուժի սպառնալիքը կամ կիրառումն անկախ պետությունների դեմ», - նշվում է փաստաթղթում։

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչն անդրադարձել է նաև փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահի ստորագրած հուշագրին՝ Իրանի Իսլամական Հանրապետության վրա առավելագույն ճնշումը վերականգնելու մասին։ 

«Նման սադրիչ գործողություններն ակտիվացել և ավելի լայն մասշտաբներ են ստացել, այսպես կոչված, «առավելագույն ճնշման» քաղաքականության շնորհիվ, որը նկարագրված է 2025 թվականի փետրվարի 4-ի Ազգային անվտանգության վերաբերյալ նախագահի հուշագրում։ Նշված քաղաքականությունը ներառում է միակողմանի և անօրինական պատժամիջոցների կիրառում, ինչպես նաև Իրանի դեմ թշնամական գործողությունների սրում, ինչն ակնհայտորեն խախտում է միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներն ու նորմերը», - գրված է Իրավանիի նամակում։

ԱՄՆ նախագահի հուշագրի համաձայն՝ նախատեսվում է կանխել Իրանի կողմից միջուկային զենքի և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ձեռքբերումը, ոչնչացնել Իրանի «ահաբեկչական ցանցը», ինչպես նաև զրոյացնել Իրանի նավթի արտահանումը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում