Իրան

Իրանական «Մեհր» մեդիա ընկերության պատվիրակությունը հյուրընկալվեց «Արմենպրես»-ում

4 րոպեի ընթերցում

Իրանական «Մեհր» մեդիա ընկերության պատվիրակությունը հյուրընկալվեց «Արմենպրես»-ում

Իրանական «Մեհր» մեդիա ընկերության պատվիրակությունը՝ տնօրեն Մոհամմադմահդի Ռահմաթին, Միջազգային համագործակցության գծով պատասխանատու Մոհամմադ Հեսսամ Հեյդարզադեն, «Մեհր» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Հաիդարի Հեսամալդդին, «Արմենպրես» լրատվական գործակալության հրավերով Հայաստանում են: Նրանք հոկտեմբերի 14-ին հյուրընկալվեցին գործակալությունում: 

Եվս մեկ անգամ ընդգծելով երկու կազմակերպությունների միջև 2024 թվականին կնքված փոխըմբռնման հուշագրի կարևորությունը՝ «Արմենպրես»-ի տնօրեն Նարինե Նազարյանը նշեց, որ երկու տարի առաջ կողմերը ստանձնեցին կարևոր հանձնառություն՝ երկու երկրների հասարակություններն ավելի մերձեցնելու ուղղությամբ։

«Կարծում եմ՝ այս այցը լավ հնարավորություն է այդ հանձնառությունն ամրապնդելու համար։ Համագործակցությունն ու այս փաստաթուղթը, իմ կարծիքով, վերաբերում են ոչ միայն բովանդակությանն ու լուրերի փոխանակմանը, այլև փորձի փոխանակմանը, միմյանցից շատ բան սովորելուն, նոր գաղափարների բացահայտմանը և, իհարկե, ինչը հատկապես կարևոր է այս օրերին, մեր ուժերն ու կարողությունները միավորելու միջոցով ապատեղեկատվությանն ու մանիպուլյացիային հակազդելուն»,- ասաց Նազարյանը։

Նա հույս հայտնեց, որ կընձեռվի հնարավորություն՝ քննարկելու, թե ինչպես կարող են երկու հաստատությունների աշխատանքային թիմերն ավելի սերտորեն համագործակցել, այդ թվում՝ մուլտիմեդիա արտադրության, ինչպես նաև թվային մշակումների և այն բոլոր ոլորտներում, որոնք մեդիակազմակերպությունների համար գնալով ավելի մեծ հետաքրքրություն են ներկայացնում արագորեն փոփոխվող մեդիա միջավայրում։ 

«Մեհր» մեդիա ընկերության տնօրեն Մոհամմադմահդի Ռահմաթին իր հերթին նշեց, որ «Արմենպրես»-ի թիմն օգնում է մարդկանց Իրանի մասին ձևավորել իրական պատկերացում։

«Մյուս կողմից՝ մեզ համար կարևոր է օգնել ձեզ՝ իրանցիների շրջանում Հայաստանի մասին ավելի լավ պատկերացում ձևավորելու հարցում։ Մինչ այս այցը ես տեղյակ չէի, որ իրանցիներն այդքան մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի նկատմամբ։ Լսել եմ, որ 2025 թվականին այստեղ է ժամանել շուրջ 200 000 իրանցի զբոսաշրջիկ։ Իրանցիներն այստեղ սպասված հյուրեր են, և մենք պատրաստ ենք նրանց հնարավորինս ցույց տալ Հայաստանի զարգացման ուղին։ Մենք այստեղ ենք մեր հարաբերություններում որոշակի քայլ առաջ կատարելու նպատակով։ Կարծում եմ՝ կարող ենք առաջընթաց գրանցել մեր փոխգործակցության մեջ՝ հատկապես կինոյի, կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի, ինչպես նաև տարածաշրջանին՝ մասնավորապես Իրանին և Հայաստանին վերաբերող լուրերի ոլորտում»,- ասաց Ռահմաթին։

Նարինե Նազարյանը հյուրերին տեղեկացրեց, որ շուտով Թեհրանի մետրոպոլիտենի «Սուրբ Մարիամ» կայարանում կբացվի «Արմենպրես»-ի լուսանկարների ցուցահանդեսը, իսկ իրանական պատվիրակության ներկայացուցիչները հավաստիացրեցին, որ տեղեկատվական առումով կաջակցեն այդ միջոցառմանը։

Հյուրերը շրջայց կատարեցին գործակալության տարածքում, ծանոթացան պատմական շենքին, նյութարտադրության հնարավորություններին, հարցազրույցների և մամուլի ասուլիսների ստուդիաների գործունեությանը, վայելեցին գործակալության պատերը զարդարող արխիվային բացառիկ լուսանկարները: 

Իրանական մեդիա ընկերության պատվիրակությունն օրվա ընթացքում կհյուրընկալվի Հայաստանի հանրային ռադիոյում և Հանրային հեռուստաընկերությունում։ 

Այցի ծրագրում ներառված է նաև Գառնիի տաճար, Գեղարդի վանական համալիր, Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» ինստիտուտ այցելությունը, նաև՝ քննարկում «Օրբելի» վերլուծական կենտրոնի առաջատար փորձագետների մասնակցությամբ: 

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում