Երգչուհի Իվետա Մուկուչյանը, որ մշտապես հետաքրքիր է իր բազմաժանր երգերով, գեղեցիկ և ինքնատիպ հոլովակներով, երկրպագուների դատին հանձնեց «Սիրում եմ» երգն ու տեսահոլովակը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պրեմիերային Մուկուչյանը հայտնվեց շքեղ կարմիր մուշտակով, բարձր տրամադրությամբ և վարակիչ էներգիայով։
Նա շեշտեց՝ տեսահոլովակն առանձնահատուկ է, քանի որ հսկայական թիմային աշխատանք է կատարվել։ Նրա խոսքով՝ սա վկայում է այն մասին՝ եթե ամեն մեկն իր գործով է զբաղվում, արտակարգ արդյունք է ստացվում։ «Ինձ պակասում են ներքին ազատությունն ու անկեղծությունը կադրից դուրս։ Այս աշխարհում շատ բան է փոխվել, և մենք ցանկանում ենք հոլովակում ներկայացնել անկեղծություն, ազնվություն, սեր, լավ տրամադրություն և մարդկանց միջև հաղորդակցություն»,-նշեց Իվետա Մուկուչյանը։
Երգչուհու գաղափարները հոլովակի տեսքով իրականացրել է ռեժիսոր և օպերատոր Ալբերտ Սարգսյանը։ Երկու շաբաթ անընդմեջ աշխատել են, արել հնարավորը, որ տեսահոլովակում նկարահանված յուրաքանչյուր մարդ ներդաշնակ լինի մյուսի հետ։ «Հոլովակում բոլորը գեղեցիկ են, իրարից շատ տարբեր են և մեր Հայաստանի գույներն են։ Հոլովակը ոչ միայն իմ մասին է, այլև այն մասին, թե ինչ կախարդանք կարող է լինել, երբ մի խումբ արտակարգ մարդիկ գտնում են իրար»,-ասաց Իվետան։
Ալբերտ Սարգսյանը մեծ պատասխանատվություն է զգացել թե՛ մինչ նկարահանումները, թե՛ նկարահանումների ընթացքում։ Խոստովանեց՝ սիրտը բաբախում է նաև հիմա։ «Ես ավելի ու ավելի շատ եմ զգում բոլորի աջակցությունն ու սերը, հոգատարությունը։ Այս նախագծով պարզապես ապացուցել ենք, որ արվեստը գումարի մասին չէ, որ շոուբիզնեսը կարող է հրաշալի և ստեղծագործական լինել։ Այդ ամենը բոլորիդ շնորհիվ է։ Պարզապես մի քիչ ուղղորդել եմ, մի քիչ էլ երազել եմ բոլորիդ հետ»,-ասաց ռեժիսորն ու շնորհակալություն հայտնեց հոլովակի ստեղծմանը մասնակցություն ունեցած յուրաքանչյուրին՝ շեշտելով, որ վերջին տեսարաններում, երբ բոլորը թրջված էին, ցուրտ էր և անտանելի, ոչ ոք ոչ մի անգամ չի բողոքել։
«Սիրում եմ» երգի հիմքում Ապո Սարգսյանի «Սիրտս խփում է» ստեղծագործությունն է։ Իվետա Մուկուչյանն ու երգի երաժշտական պրոդյուսեր Սերժոն տարիներ առաջ ցանկացել են այն նոր շնչով ներկայացնել։ Համատեղ իրականացրած «Դաշտերով» հաջողված նախագծից հետո ռետրո նախագիծ են սկսել, որի առաջին երգը «Սիրում եմ»-ն է։ «Երբ մի նախագիծ օրգանիկ ընթացք ունի, ուրեմն հաջողելու է։ Այս պարագայում ամեն ինչ այնքան սահուն ստացվեց։ Ցանկանում էի իմ կյանքի տարբեր գույներն արտացոլել այս հոլովակում, ներկայացնել մարդկանց։ Հոլովակում նկարահանվել են Հայաստանում ապրող տարբեր ազգերի ներկայացուցիչներ։ Ցանկանում էի, որ նրանք իրենց տեսնեն։ Ամեն անգամ հոլովակը դիտելիս մի նոր կերպարի կբացահայտեք։ Այնպես ենք նկարահանել, որ անգամ տասը տարի հետո այն նայելիս դիտվի։ Մի քիչ 1920-ականներ, մի քիչ «Բուռլեսկ», մի քիչ «Գեթսբի», մի քիչ Իվետա, մի քիչ մոդեռն. ամեն բան համահունչ է»,-շեշտեց երգչուհին։
Նա խոստովանեց՝ ինքը միշտ է սիրում և իր կյանքում ամեն բան ճոխ է։ Սիրում է ճոխ, զայրանում է ճոխ, հանգստանում է ճոխ։
Իվետա Մուկուչյանի բոլոր երազանքները կատարվում են։ «Երբեմն մենք երազում ենք ու կարծում, որ հենց այդ պահին պետք է իրականանա երազանքը կամ կարճ ժամանակում, բայց համբերություն է պետք։ Իհարկե երջանիկ եմ։ Տեսեք, թե ինչ առավելություն ունեմ, որ իրավունք ունեմ նման բան անել։ Միջոցառմանն եմ եկել նկարահանումից, հետո վերադառնալու եմ նկարահանման հրապարակ։ Հաջորդ երգը զուգերգ է»,-հայտնեց Իվետան՝ չբացահայտելով արտիստի անունը, որի հետ մատուցելու է նոր երգն ու հոլովակը։
«Սիրում եմ» երգի երաժշտական պրոդյուսերը Սերժոն է, ռեժիսորն ու օպերատորն Ալբերտ Սարգսյանն է (Alteger), նախագծի դիզայներն Ալբերտ Գրիգորյանն է, մոնտաժն ու գունամշակումը՝ Տիգրան Վանյանի, խորեոգրաֆիա՝ Աիդա Սիմոն, Հասմիկ Թանգյան, պրոդյուսեր՝ Ալեքսանդր Մհերյան, «Սիրում եմ» երգի օրիգինալ կատարումը՝ Ապո Սարգսյանի։