Եգիպտոսը Գազայի վերականգնման ծրագիր կներկայացնի՝ առանց բնակիչների տարհանման
2 րոպեի ընթերցում
![Եգիպտոսը Գազայի վերականգնման ծրագիր կներկայացնի՝ առանց բնակիչների տարհանման](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/12/CLBCOlfhrQ7Ceewh0U4cIgo1fKoTUzoPKdLsPBV4.webp)
Եգիպտոսը մտադիր է համապարփակ տեսլական ներկայացնել Գազայի հատվածի վերականգնման համար՝ միաժամանակ ապահովելով պաղեստինցիների՝ իրենց հողերում օրինական մնալու իրավունքը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունն՝ ընդգծելով, որ մերժում է եգիպտական հողերը Գազայի բնակիչներին հատկացնելու ցանկացած առաջարկ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Al Jazeera մեդիա ընկերությունը։
Հայտարարության մեջ նշվել է Եգիպտոսի պատրաստակամությունը՝ համագործակցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ պաղեստինյան հարցի արդարացի կարգավորմանը հասնելու նպատակով՝ հաշվի առնելով տարածաշրջանի ժողովուրդների իրավունքները:
Հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ Թրամփը շարունակում է ճնշում գործադրել Գազայի հատվածը վերահսկելու և նրա բնակիչներին Եգիպտոս և Հորդանան տեղափոխելու իր ծրագրի իրականացման համար։
Մյուս կողմից Եգիպտոսը հաստատել է Գազայի հատվածի բնակիչներին հող հատկացնելու ցանկացած առաջարկ մերժելու իր դիրքորոշումը՝ շեշտելով իր հանձնառությունը պաղեստինցիներին իրենց հողերից չվտարելու կամ որևէ այլ տեղ բնակեցնելու հարցում:
Ավելի վաղ Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադին Al Jazeera հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ արաբական երկրները պատրաստ են այլընտրանք ներկայացնել Գազայի հատվածի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրին։ Այլընտրանքային ծրագիրը նախատեսում է Գազայի հատվածի վերականգնում՝ առանց բնակչության տեղահանման։ Նախարարի խոսքով՝ դա հնարավորություն կտա «վերջ դնել հումանիտար աղետին»։
Հունվարի 25-ից Թրամփն առաջ է քաշել Գազայի պաղեստինցիներին հարևան Եգիպտոս և Հորդանան տեղահանելու ծրագիրը, որը մերժվել է երկու երկրների կողմից։ Դրան միացել են արաբական այլ երկրներ և տարածաշրջանային ու միջազգային բազմաթիվ կազմակերպություններ: