Իրան

Թեհրանում «Բահման 22» ազգային տոնին նվիրված հանրահավաքին ներկայացվել են բալիստիկ հրթիռներ, արբանյակային կրիչ

2 րոպեի ընթերցում

Թեհրանում «Բահման 22» ազգային տոնին նվիրված հանրահավաքին ներկայացվել են բալիստիկ հրթիռներ, արբանյակային կրիչ

Թեհրանում Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի՝ «Բահման 22» ազգային տոնի կապակցությամբ մեծ հանրահավաք է տեղի ունեցել, որի ժամանակ մի շարք բալիստիկ հրթիռներ և սեփական արտադրության արբանյակային կրիչ են ցուցադրվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։ 

Հանրահավաքի մասնակիցների ուշադրությունը հատկապես գրավել են «Խորրամշահր» և «Հաջ Քասեմ» բալիստիկ հրթիռները, ինչպես նաև «Օմիդ» արբանյակային կրիչը։

«Խորրամշահր»-ն ունի 2000 կիլոմետր հեռահարություն և կարող է կրել 1800 կիլոգրամ կշռող բազմաթիվ մարտագլխիկներ։

«Հաջ Քասեմ»-ը հայտնի է նաև որպես «Ֆաթեհ-110» ճշգրիտ հարվածային հրթիռների նոր սերունդ. այն ունի 1400 կմ հեռահարություն և կարող է խոցել հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերը։

Իրանի մայրաքաղաքում հանրահավաքի մասնակիցները երթով անցել են 13 տարբեր երթուղիներով՝ հասնելով Ազադի (Ազատության) հրապարակ, որտեղ ելույթ է ունենալու նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Միջոցառման համար Իրան են այցելել հարյուրավոր օտարերկրյա հյուրեր, այդ թվում՝ գիտության, քաղաքականության և այլ ոլորտների ազդեցիկ գործիչներ, ինչպես նաև ավելի քան 7000 օպերատորներ և լրագրողներ, որոնց թվում՝ 200 օտարերկրյա լրագրողներ՝ լուսաբանելու Թեհրանում և այլ քաղաքներում անցկացվող զանգվածային հանրահավաքները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում