Հնդկաստանում Սուրաջկունդի միջազգային փառատոնին Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով
2 րոպեի ընթերցում
![Հնդկաստանում Սուրաջկունդի միջազգային փառատոնին Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/07/vuyUvkWUGXZA8EYt05MIv6001S4SxvHvwfKi5ZDw.webp)
Հնդկաստանում Հայաստանի դեսպան Վահագն Աֆյանը փետրվարի 7-ին մասնակցել է Սուրաջկունդի արհեստների 38-րդ միջազգային փառատոնի բացմանը, որին Հայաստանն այս տարի ևս ներկայացված է առանձին տաղավարով:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հնդկաստանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից, մինչև փետրվարի 23-ն անցկացվող այս տարվա փառատոնի բացմանը ողջույնի խոսքերով հանդես են եկել Հնդկաստանի մշակույթի նախարար Գաջենղրա Սինգհ Շեկավաթն ու Հարյանայի նահանգապետ Նայաբ Սինգհ Սայնին:
Հնդկաստանի Հարյանա նահանգի Ֆարիդաբադ քաղաքին հարող տարածքում անցկացվող ամենամյա այս միջոցառմանը վերջին մի քանի տարիներին ավանդաբար մասնակցություն են ցուցաբերում Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի «Արար» ծրագրում ընդգրկված ասեղնագործության և գորգագործության վարպետներ, ովքեր ներկայացնում են հայկական գործվածքը՝ կարպետներ, ասեղնագործ և թաղիքից պատրաստված աշխատանքներ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, հուշանվերներ:
Հայաստանի տաղավարում իրականացվում են նաև ձեռագործ աշխատանքների վարպետության դասեր:
Միջմշակութային և ժողովրդական ստեղծագործության փոխճանաչելիության բարձրացմանը միտված «Արևի լիճ» կոչվող փառատոնին ցուցադրություններով մասնակցում են ինչպես Հնդկաստանի տարբեր նահանգներ, այնպես էլ հինգ տասնյակից ավել երկրներ: