Թրամփի վարչակազմն ամբողջ աշխարհում USAID-ի 10 000 աշխատակիցներից կպահի միայն 294-ին. Reuters
2 րոպեի ընթերցում
![Թրամփի վարչակազմն ամբողջ աշխարհում USAID-ի 10 000 աշխատակիցներից կպահի միայն 294-ին. Reuters](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/07/OA09mC02jCrjKZmS0ktNPPdb3MFGTr9Eq4qzBxDa.webp)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID)՝ ամբողջ աշխարհում ունեցած 10 000 աշխատակիցներից պահել միայն 294-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակից իրազեկ չորս աղբյուրի։
Հունվարի 20-ին Թրամփի երդմնակալությունից հետո USAID-ն հայտնվել է ԱՄՆ Կառավարության արդյունավետության վարչության (DOGE) ղեկավար նշանակված Իլոն Մասկի ուշադրության կենտրոնում։
Ըստ աղբյուրների՝ գործակալությունում աշխատանքը պահպանող 294 աշխատակիցներից միայն 12-ը կլինեն Աֆրիկայի բյուրոյում, 8-ը՝ Ասիայի բյուրոյում։
USAID-ի ղեկավարներից Ջեյ Բրայան Էթվուդը սա անվանել է անընդունելի՝ հավելելով, որ աշխատակիցների հեռացումը «կսպանի գործակալությունը», որը տասնյակ միլիոնավոր մարդկանց օգնություն է ցուցաբերել ամբողջ աշխարհում։
«Բազմաթիվ մարդիկ ողջ չեն մնա», - ասել է Էթվուդը։
ԱՄՆ վարչակազմի նպատակն է ԱՄՆ ՄԶԳ-ն միավորել ԱՄՆ պետքարտուղարության հետ, որի ղեկավարն է Մարկո Ռուբիոն։ Թրամփը Ռուբիոյին արդեն նշանակել է USAID-ի ղեկավարի պաշտոնակատար։
USAID-ի 10 000 աշխատակիցների երկու երրորդն, ըստ Կոնգրեսի հետազոտությունների կենտրոնի զեկույցի, աշխատում էր ԱՄՆ-ի սահմաններից դուրս։ 2023 ֆինանսական տարում գործակալությունը տնօրինել է ավելի քան 40 միլիարդ դոլար՝ օգնություն տրամադրելով շուրջ 130 երկրի։ Ըստ զեկույցի՝ ԱՄՆ ՄԶԳ-ի օգնության հիմնական շահառուներն էին Ուկրաինան, Եթովպիան, Հորդանանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Սոմալին, Եմենը և Աֆղանստանը։