Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Մադամ» գործարար կանանց միության անդամներին՝ նախագահ Տաթև Բեյբությանի գլխավորությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում նախարարն ընդգծել է, որ յուրաքանչյուր բնագավառում հաջողության հասած կանանց օրինակը ոգևորիչ է բազմաթիվ երիտասարդ աղջիկների համար՝ չվարանելու և գնալու իրենց նպատակների հետևից:
«Կրթական համակարգի կարևոր դերերից մեկն էլ երեխաների համար կանանց հաջողության պատմություններն ավելի տեսանելի դարձնելն է: ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, և մենք հատուկ խրախուսում ենք պետություն-մասնավոր համագործակցությունը, որը նաև որակական փոփոխության նախապայման է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
«Մադամ» գործարար կանանց միության անդամները հակիրճ ներկայացրել են իրենց գործունեությունը՝ մասնավորապես շեշտելով առնչությունները կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների հետ:
Այս համատեքստում նախարարը կարևորել է հատկապես մասնավոր հատվածի հետ համագործակցությունը Հանրակրթության նոր չափորոշիչով պահանջվող մասնագիտական կողմնորոշման բաղադրիչի կիրառման տեսանկյունից.
«Բոլոր դպրոցներում գործում են մասնագիտական կողմնորոշման պարտադիր խմբակներ. 8-րդ դասարանից սկսած՝ աշակերտները որոշակի պատկերացում պետք է ունենան տարբեր մասնագիտությունների, զբաղմունքների ու դրանց հնարավորությունների մասին: Ու այստեղ ձեր փորձառությունը ներկայացնելն արդյունավետ և ոգևորող կարող է լինել»:
Կրթական ոլորտում մասնավոր հատվածի ներգրավվածության մասին խոսելիս անդրադարձ է եղել նաև նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթությանը՝ կարևորելով աշխատանքի վրա հիմնված ուսուցման համակարգի ներդրումը, որը, ըստ նախարարի, պետական քաղաքականության առաջնահերթությունն է, այստեղ ևս գործարար կանանց փորձառությունը կարևոր է:
Մշակույթի ոլորտում համագործակցության համատեքստում նախարարն անդրադարձել է դրամաշնորհային ծրագրերին:
«Մի շարք ծրագրեր են իրականացվում, որոնցով խրախուսվում են երիտասարդ մասնագետները, հատկապես մարզերում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ այստեղ ևս կարևոր է մասնավոր ընկերությունների աջակցությունը։
Անդրադարձ է եղել նաև սպորտի և առողջ ապրելակերպի ոլորտում համագործակցության հնարավորություններին։