ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է փետրվարի 3-ին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և Մեքսիկայի ղեկավարության հետ քննարկել այդ երկրների նկատմամբ սահմանվող մաքսատուրքերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է փետրվարի 2-ին լրագրողների հետ զրույցում։
«Վարչապետ Թրյուդոյի հետ ես կխոսեմ վաղն առավոտյան, ես նաև վաղն առավոտյան կխոսեմ Մեքսիկայի հետ։ Ես շատ դրամատիկ ոչինչ չեմ սպասում։ Մենք մաքսատուրքեր ենք սահմանում։ Նրանք մեզ մեծ գումար են պարտք, և վստահ եմ, որ կվճարեն», - Թրամփի խոսքերն է մեջբերում CNN-ը։
Նա նաև չի բացառել, որ Վաշինգտոնը կարող է լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել Կանադայի նկատմամբ, եթե վերջինս պատասխան միջոցներ ձեռնարկի։
«Դա կարող է տեղի ունենալ: Եթե նրանք ինչ-որ բան ձեռնարկեն, մենք դա կանենք», - ասել է Թրամփը:
Խոսելով այն երկրների մասին, որոնց նկատմամբ նույնպես պլանավորվում է մաքսատուրքեր սահմանել՝ ԱՄՆ նախագահը նշել է Եվրամիության երկրները:
«Եվրամիության հետ դա, անկասկած, տեղի կունենա, դա կարող եմ ձեզ վստահեցնել», - հայտարարել է նա։
Մինչդեռ ԱՄՆ ղեկավարը չի խոստացել մաքսատուրքեր սահմանել Միացյալ Թագավորության նկատմամբ։
Թրամփը նշել է, որ Մեծ Բրիտանիայի հետ առևտրային հարաբերություններում խնդիրներ կան, սակայն պարզաբանել է, որ դրանք կարելի է կարգավորել։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը Bloomberg գործակալությանը հայտնել էր, որ եթե Թրամփը մաքսատուրքեր սահմանի ԵՄ անդամ երկրներից ներկրվող ապրանքների նկատմամբ, ապա Եվրամիության արձագանքը կոշտ կլինի։
Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել է, որ իր կառավարությունը ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների նկատմամբ պատասխան մաքսատուրքերի մանրամասները կհայտնի փետրվարի 3-ին:
Կանադան իր հերթին հայտարարել է փետրվարի 4-ից ԱՄՆ-ից ներկրվող 155 միլիարդ դոլարի ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը բարձրացնելու մասին։
Փետրվարի 1-ին Թրամփը հրամանագիր է ստորագրել Մեքսիկայից և Կանադայից ներկրվող ապրանքների համար 25%, Չինաստանից ներմուծվող ապրանքների համար՝ 10% մաքսատուրքեր սահմանելու մասին: