Քաղաքականություն

Ադրբեջանին փոխանցված գրավոր առաջարկներում անդրադարձ կա հայ գերիների և անհետ կորածների հարցին․ վարչապետ

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանին փոխանցված գրավոր առաջարկներում անդրադարձ կա հայ գերիների և անհետ կորածների հարցին․ վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանին փոխանցված գրավոր առաջարկներում անդրադարձ կա գերիների և անհետ կորածների հարցին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասաց հունվարի 31-ի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների մասին հարցին։ 

 «Նրանք մարդիկ ենք, որոնք պահվում են կալանքի տակ՝ի հեճուկս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ Բոլոր հարցերը քննարկվում են։ Մենք մի քանի գրավոր առաջարկներ ենք փոխանցել Ադրբեջանին: Գուցե, այդ գրավոր առաջարկների վերնագիրը դրած չի պայմանագիր այսինչի մասին, բայց այդ բոլոր հարցերը բանակցվում են, դրանք բանակցային բովանդակություններ են։ Արդյոք այդ թեմաների մեջ կա՞ անդրադարձ գերեվարվածների, պատանդների և այլ պահվող անձանց մասին։ Իհարկե, կա, կա աներկբա և անընդհատ։ Չի կարող չլինել։ Արդյոք այդ բոլոր թեմաների մեջ կա՞ անհետ կորածների մասին։ Իհարկե, կա, չի կարող չլինել, բացառված է, որ չլինի»,-ասաց Փաշինյանը։  

Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերու առկայությունը: Բաքվում ապօրինի պահվող անձանց թվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, որոնց Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և կեղծ մեղադրանքներ է առաջադրել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայից հետո։  Բաքվում արդեն մեկնարկել են ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ կեղծ դատավարությունները։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում