Հայաստանն ազգային անվտանգության նոր ռազմավարություն է մշակում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ո՞րն է «Իրական Հայաստանի ռազմավարությունը», այն ինչ-որ տեղ գրվա՞ծ է:
«Այս պահին մենք ռազմավարություն ասելով՝ նկատի ենք ունենում այս կապակցության իմ ունեցած ելույթներն ու հայտարարությունները: Բայց դա պետք է փաստաթղթավորվի»,-ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այդ գաղափարախոսության փաստաթղթավորման ձևակերպման աշխատանքն ընթանում է: Վարչապետն անձամբ ներգրավված է դրանում:
«Մենք ազգային անվտանգության նոր ռազմավարություն ենք մշակում: Եվ Իրական Հայաստանի հայեցակարգն ու գաղափարախոսությունը պետք է արտահայտվի մեր բոլոր ռազմավարական փաստաթղթերում, այդ թվում՝ ռազմական բնույթի փաստաթղթերում, ռազմական դոկտրիններում և այլն: Ամեն ինչ պետք է համապատասխանաբար խմբագրվի, համապատասխան ձևակերպումներ ստանա»,-ասաց Փաշինյանը:
Ըստ նրա՝ այդպիսի որոշումներ արդեն իսկ կան, օրինակ՝ Բերքաբեր-Կիրանց հատվածում սահմանազատումն այդ «Իրական Հայաստանի ռազմավարության» գործնական իրագործումն էր: