Կրթություն

Ժաննա Անդրեասյանը «Ակադեմիական քաղաք» ծրագրի միջազգային գործընկերների հետ քննարկել է անելիքները

7 րոպեի ընթերցում

Ժաննա Անդրեասյանը «Ակադեմիական քաղաք» ծրագրի միջազգային գործընկերների հետ քննարկել է անելիքները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հունվարի 30-ին հյուրընկալեց «Ակադեմիական քաղաք» ծրագրի միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք աշխատանքային այցով Հայաստանում են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն ընդգծեց, որ «Ակադեմիական քաղաք»-ը ՀՀ կառավարության ամենակարևոր ու առաջնային նախագծերից է, և ինքն ուրախ է, որ համատեղ աշխատելու են գաղափարի իրականացման համար։

«Բոլորս հասկանում ենք, որ սա իսկապես մեծ նախագիծ է տարբեր բաղադրիչներով, և այն մեծ ջանքեր է պահանջում, սակայն համատեղ ուժերով հնարավոր է հաղթահարել մի շարք մարտահրավերներ»,-ասաց նախարարն՝ այդ հարցում կարևորելով ոչ միայն միջազգային գործընկերների դերը, այլև համագործակցությունը տեղական բուհերի, հետազոտական ինստիտուտների, դասախոսների, ուսանողների հետ։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այժմ բավականին ակտիվ աշխատում են «Ակադեմիական քաղաք»-ի ներդրումային ծրագրի վրա, որը շատ վճռորոշ  բաղադրիչ է նախարարության համար։ Ներդրումային ծրագրի զարգացման նպատակով համագործակցում են ՀՀ ֆինանսների, էկոնոմիկայի նախարարությունների հետ, նախատեսում են աշխատանքներում ներգրավել նաև մասնագիտացված ընկերությունների։

ՀՀ ԿԳՄՍ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն էլ տեղեկացրեց՝ «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակի մշակման աշխատանքների փուլ են մտնում, որից հետո կսկսեն ֆիզիկական ենթակառուցվածների կառուցման գործընթացը։

«Սա մեր առաջին հանդիպումն էր միջազգային գործընկերների հետ. արդեն կան պայմանագրերը։ GMP ընկերությունը կկարգավորի ամբողջ գործընթացը, «Սիստեմատիկա»-ն մշակելու է «Ակադեմիական քաղաք»-ի կապակցվածությունը հանրապետական տրանսպորտային ցանցի հետ, կմշակի նաև ներքին շարժունության մոդելը։ Մյուս գործընկերները կմշակեն ուրբանիստական կոնցեպտը, թե ինչպես է այն աշխատում, ինչ տնտեսական, կենցաղային համակարգեր կարող են լինել ներսում։ Մյունխենի տեխնիկական համալսարանի մեր գործընկերներն արդեն մշակում են բովանդակային մասը»,-նշեց Հայոցյանը։ 

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը 2024-ին մշակած և ներկայումս քաղաքի գլխավոր հատակագծի սխեմատիկ նախագծման և համակարգման համար պատասխանատու գերմանական GMP International GmbH Architects and Engineers ճարտարապետաինժեներական ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլն ընդգծեց՝ ավելի վաղ նախագիծը միայն կոնցեպտուալ գաղափար էր, իսկ հիմա ինժեներներ են մասնակցում գաղափարի իրագործմանը, որոնք ամուր հիմքերի վրա են այն կանգնեցնելու։ 

Խոսելով մարտահրավերների մասին՝ նա ընդգծեց, որ ամենակարևորը նախագիծը լիարժեք հասկանալն ու ընկալելն է, ոչ միայն կառավարությանը լսելը, այլև մարդկանց հետ զրուցելը, վարպետության դասեր անցկանելն ուսանողների, պրոֆեսորների և այլ մասնագետների հետ։ «Մեր կարևոր խնդիրներից է ուշադիր լսել նրանց և հասկանալ, թե ինչի կարիք ունեն, քանի որ այս ամենը հասցեագրված է նրանց կարիքներին»,-շեշտեց Թոբիաս Քեյլը։

Ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի ձևավորման և նորարարությունների կառավարման մոդելի մշակման համար պատասխանատու «Մյունխենի տեխնիկական համալսարան-միջազգային» (TUMint) կազմակերպության ծրագրերի համակարգող Ջորջետա Աուկտուրը շեշտեց՝ իրենց համալսարանն օգնելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը գիտական կազմակերպությունների, բուհերի խոշորացման և միավորման գործում, օգնելու են ուժեղացնել կրթության և գիտության կապը, որից ավելի շահելու են երկուսն էլ։

Նա ընդգծեց, որ «Ակադեմիական քաղաք»-ի բազմաթիվ օրինակներ կան աշխարհում և փորձը ցույց է տալիս, որ շատ երկրներ են այդ ուղղությամբ գնում, քանի որ դա արդյունավետ  կառավարման մոդել է։ «Մեր օրերում բուհերի դերը ոչ միայն կրթելն է, այլև մեծ ազդեցություն ունենալն է ու դառնալ հաբ, որն ընդգրկում է կրթությունը, գիտությունն ու արդյունաբերությունը»,-ասաց նա։

Այցի շրջանակում նախատեսվում են նաև մի շարք մասնագիտական հանդիպումներ և քննարկումներ ակադեմիական համայնքի հետ: 

ՀՀ կառավարությունն «Ակադեմիական քաղաք» նախագիծը հաստատել է 2023-ի հոկտեմբերի 19-ին։ «Ակադեմիական քաղաք»-ի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված է լավագույն ստանդարտներին համահունչ և միջազգայնորեն մրցունակ բարձագույն կրթություն և գիտություն ունենալու, ինչպես նաև այս երկու ոլորտն արդյունավետ ինտեգրելու նպատակներով։ 

Ակադեմիական քաղաքում բնակվելու և աշխատելու է մոտ 44 հազար մարդ։ Հարևանությամբ գտնվող համայնքային կամ մասնավոր սեփականության հողերի վրա անկանոն շինարարությունից խուսափելու նպատակով նաև ձևավորվելու է ավելի ծավալուն տարածքի զարգացման պլանը, որը կկարգավորի մերձակայքում շինարարության հարկայնությունը, դիզայնը, ինչպես նաև գործունեության տեսակները։ 

Ստեղծվելու են ամբողջությամբ նոր ենթակառուցվածքներ, որոնք վերաբերելու են ուսումնական հաստատությունների, հետազոտական կենտրոնների, արտադրական փորձարարական կենտրոնների շենքային ենթակառուցվածքներին, գյուղատնտեսական նշանակության փորձարարական վարելահողերին, լինելու է հանրակացարանային կամ բնակելի թաղամաս, բազմաֆունկցիոնալ համերգասրահ, կինոթատրոնի և թատրոնի բաղադրիչներով, տարբեր մարզաձևերի համար նախատեսված դահլիճներ բուհական և սպորտային ակումբների գործունեության, ինչպես նաև առողջ ապրելակերպի անհրաժեշտ կենսապայմանների համար։ Այստեղ նախատեսվում է ունենալ ազգային ստադիոնը մինչև 35 հազար հանդիսատեսի հնարավորությամբ, ջրային ավազաններ։ Ներդրվելու է նաև տրանսպորտային համակարգ, կկառուցվեն ավտոկայանատեղիներ։ 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում