Կրթություն

Մինչև 2 տարեկան երեխաների մսուրի ծառայությունների հասանելիությունը կընդլայնվի. մեկնարկում է փորձնական ծրագիր

2 րոպեի ընթերցում

Մինչև 2 տարեկան երեխաների մսուրի ծառայությունների հասանելիությունը կընդլայնվի. մեկնարկում է փորձնական ծրագիր

Կառավարության նիստում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց նախադպրոցական կրթության հասանելիության ընդլայնման նոր նախաձեռնություն։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը նշեց, որ ամենախնդրահարույց հարցերից մեկը մսուրի ծառայությունների սահմանափակ հասանելիությունն է, և անհրաժեշտ է վերանայել մսուրի տարիքային շեմը՝ խթանելով ծառայությունների ընդլայնումը։ 

«Այս փոփոխությամբ առաջարկում ենք մեկնարկել փորձնական ծրագիր, որով փոփոխություններ են արվում նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կարգում։ Մասնավորապես, նախատեսում ենք, որ 10 խմբի շրջանակներում շուրջ 200 երեխաների համար կմեկնարկի նոր ծրագիր, որը իրականացվելու է մի շարք համայնքներում։ Համայնքներն ու հաստատություններն ընտրվել են  ՏԿԵՆ-ի և նաև Երևանի քաղաքապետարանի հետ քննարկման արդյունքում»,- ասաց Անդրեասյանը։

Նախարարը մանրամասնեց, որ փորձնական ծրագրի համար կլինեն 4 հաստատություններ Երևանում, որոնցից մեկում կսկսեն 6-12 ամսական երեխաների մեկ խմբի կրթության ծրագիրը։ Վանաձորում և Գյումրիում կլինեն 2-ական,  Հրազդանում՝ մեկ հաստատություն, որտեղ արդեն երեխաները, մեկ տարեկանից սկսած, մսուրի ծառայության մեջ կընդգրկվեն։   

Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 175 միլիոն դրամ, որը կֆինանսավորվի պետբյուջեից՝ ԿԳՄՍ նախարարությանը հատկացված միջոցների շրջանակներում։   

Նախարարը շեշտեց, որ այս ծրագրի միջոցով հնարավոր կլինի փորձարկել նոր ծառայության ստանդարտը՝ հետագայում այն լայնածավալ կիրառելու և մսուրի հասանելիությունը մեծացնելու նպատակով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում