Վրաստան

ԵԽԽՎ-ն Վրաստանին կոչ է արել մինչև ապրիլ նոր ընտրություններ անցկացնել, Կոբախիձեն արձագանքել է

3 րոպեի ընթերցում

ԵԽԽՎ-ն Վրաստանին կոչ է արել մինչև ապրիլ նոր ընտրություններ անցկացնել, Կոբախիձեն արձագանքել է

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ընդունել է բանաձև, որով Վրաստանին կոչ է արվում առաջիկա ամիսներին անցկացնել նոր խորհրդարանական ընտրություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կոչ է անում Վրաստանի իշխանություններին անհապաղ ներառական գործընթաց նախաձեռնել բոլոր շահագրգիռ կողմերի և հասարակական գործիչների մասնակցությամբ, ներառյալ իշխող մեծամասնության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության՝ վերջերս անցկացված խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված թերություններն ու խախտումներն անհապաղ վերացնելու համար», - նշված է ԵԽԽՎ-ի մամուլի հաղորդագրության մեջ:

ԵԽԽՎ-ն Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչներին կոչ է անում անհապաղ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ վերսկսելու Վրաստանի եվրաինտեգրման ուղին, ինչպես նաև պահպանել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, «բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակել մինչև 2025 թ. ապրիլ ամսին Վեհաժողովի նստաշրջանի սկսվելը»։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, «Իմեդի» հեռուստաընկերության եթերում մեկնաբանելով ԵԽԽՎ բանաձևը, հայտարարել է, որ դա անհեթեթ փաստաթուղթ է։

«Այս բանաձևը վկայում է, որ եվրոպական բյուրոկրատիան, ինչպես Բրյուսելում, այնպես էլ Ստրասբուրգում, բավականին բարդ վիճակում է գտնվում: Մենք իմացանք միանգամայն անհեթեթ որոշման մասին: Հաստատեցիք ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը, այսինքն՝ ճանաչեցիք մեր խորհրդարանական ընտրությունների արդյունքները և իսկույն հայտարարեցիք, որ եթե մինչև ապրիլ Վրաստանում նոր խորհրդարանական ընտրություններ չանցկացվեն, նրանք կչեղարկեն մեր պատվիրակության լիազորությունները», - ասել է Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ ԵԽԽՎ-ում ճանաչում են Վրաստանում անցկացված ընտրությունները, բայց ցանկանում են նոր ընտրություններ, քանի որ իրենց կողմից աջակցվող ընդդիմադիր քաղաքական ուժը՝ «Միացյալ ազգային շարժումը», պարտվել է ընտրություններում։

«Այս պայմաններում մեր պատվիրակությունը մտադիր չէ շարունակել աշխատանքը ԵԽԽՎ-ում: Եթե փոխվի վերաբերմունքը վրաց ժողովրդի և Վրաստանի նկատմամբ, մենք, իհարկե, կվերադառնանք ԵԽԽՎ: Այժմ այնտեղ աշխատանքը շարունակելու իմաստ չկա», - ասել է Կոբախիձեն:

Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Վրաստանը մնում է Եվրոպայի խորհրդի անդամ և ցանկացած համագործակցության պատրաստ է այս կազմակերպության հետ։

Ավելի վաղ իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչ Թեա Ցուլուկիանին հայտնել էր, որ վրացական պատվիրակությունը ժամանակավորապես դադարեցնում է իր մասնակցությունը ԵԽԽՎ-ի աշխատանքներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում