Կրթություն

ԿԳՄՍ նախարարը ԵՊՀ-ում ուրախություն է հայտնել հետազոտական աշխատանքներում երիտասարդների ներգրավման առնչությամբ

6 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարը ԵՊՀ-ում ուրախություն է հայտնել հետազոտական աշխատանքներում երիտասարդների ներգրավման առնչությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Երևանի պետական համալսարան: Ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է ԵՊՀ գիտահետազոտական և ուսումնական լաբորատորիաներում, շրջայցի ընթացքում քննարկվել են համալսարանի զարգացմանն ուղղված տարբեր նախաձեռնություններն ու համագործակցության նոր հնարավորությունները, որոնք նպատակ ունեն բարելավելու կրթական միջավայրը և լավարկելու բարձրագույն կրթության որակը ՀՀ-ում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Կենսաբանության, Քիմիայի ֆակուլտետների, Ֆարմացիայի և Ֆիզիկայի ինստիտուտների լաբորատորիաներում նախարարը ծանոթացել է ձեռքբերված նոր սարքավորումներին և դրանց կիրառմամբ իրականացվող հետազոտական և ուսումնական աշխատանքներին:

Անդրադառնալով ԵՊՀ շրջայցի նպատակներին և արդյունքներին՝ նախարարը նշել է, որ բուհերում պարբերաբար իրականացվում են տարբեր ծրագրեր, և շրջայցի նպատակն արդյունքներին ծանոթանալն է: 

«Վերջին տարիներին  Կառավարության կողմից էապես ավելացվել է գիտության ֆինանսավորումը, որը դրսևորվում է թե՛ գիտական սարքավորումների տրամադրման ծրագրերով, թե՛ տարբեր թեմատիկ հետազոտությունների և այլ դրամաշնորհային ծրագրերի իրականացման հնարավորություններով: Շրջայցի ընթացքում տեսանք համատեղ ջանքերի արդյունքը. բացվել են նոր լաբորատորիաներ, ձեռք են բերվել նոր սարքավորումներ, ընդ որում՝ սարքավորումների մի զգալի մասը եզակի են  իրենց բնույթով, բավական թանկարժեք են և հնարավորություն են տալիս իրականացնել ամենաարդիական հետազոտությունները:  Դրամաշնորհային ծրագրերն էլ հնարավորություն են տալիս արդիական կարևոր թեմաներ ուսումնասիրել՝ օգտագործելով նոր սարքավորումներն ու ենթակառուցվածքները: Հատկապես ուրախ եմ, որ իրականացվող հետազոտական աշխատանքներում երիտասարդներ են ներգրավված, որոնք ուսումնառությունն ավարտելուց հետո զբաղվում են գիտությամբ: Մեր կարևոր նպատակներից է բուհերում զարգացնել գիտությունը, և Երևանի պետական համալսարանի օրինակով մենք տեսնում ենք, որ ընթանում ենք այդ ուղով»,- ասել է նախարարը:  

Ըստ աղբյուրի՝ Ժաննա Անդրեասյանը գոհունակություն է հայտնել բնագիտական լաբորատորիաների տարածքների բարեկարգման, սարքավորումների նորացման, նոր տեխնոլոգիաների ներդրման, նորարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների առնչությամբ, որոնք իրականացվել են պետական և միջազգային տարբեր դրամաշնորհների շրջանակում:

«Համալսարանը՝ որպես կրթական և գիտական կենտրոն, շարունակում է ամրապնդել իր տեղը և նշանակությունը ՀՀ գիտական հետազոտությունների ոլորտում։ Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի քաղաքականությունը մեր համալսարաններին խրախուսելն է, որպեսզի դրանք դառնան հետազոտական համալսարաններ։ Գիտության հետ կապը պետք է լինի այն տրամաբանությամբ, որ դա կրթական գործընթացի անբաժանելի մասն է։ Ուրախ եմ, որ այսօր ԵՊՀ-ում հենց այդ տրամաբանությամբ է կազմակերպվում աշխատանքը: Մենք տեսանք տարածքներ, որոնք ամբողջությամբ վերափոխվել են և դարձել հետազոտական կրթական միջավայրեր»,- ասել է նախարարը՝ կարևորով  լաբորատորիաներում անվտանգության ստանդարտների ապահովումը:

Նրա խոսքով՝  լաբորատորիաների պարագայում շատ կարևոր է  նաև կատարվող աշխատանքի որակը, որը հնարավորություն կընձեռի նման հետազոտությունների արդյունքներին օգտագործել ինչպես  գիտական աշխատանքների, այնպես էլ մասնավորի հետ համագործակցության համար:

Որպես օրինակ՝ նախարարը նշել է Ֆարմացիայի ինստիտուտում դեղերի փորձաքննության իրականացումը, որը ԵՊՀ-ին կարող է համապատասխան պատվերներ ապահովել՝ նպաստելով հանրային զարգացման տանող գիտություն- կրթություն-հանրություն շղթայի լիարժեք կապին:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով համալսարանի գրանցած ձեռքբերումները, նշել է. «ԿԳՄՍ նախարարի հետ ԵՊՀ լաբորատորիաներում կատարած բովանդակալից շրջայցն առիթ էր ցույց տալու Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի շնորհիվ ձեռք բերված սարքերը, ծանոթացնելու արվող հետազոտություններում դրանց կիրառությանը։ Մեր աշխատանքն ավելի արդյունավետ է դարձել. 2024 թվականին ԵՊՀ-ն ավելի քան 600 հոդված է հրապարակել միջազգային գրախոսվող ամսագրերում»։ 

Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հավաստագրեր են հանձնել միջազգային հավատարմագրում ստացած կրթական ծրագրերի ղեկավարներին:

ԵՊՀ կրթական ծրագրերի հավատարմագրումն իրականացվել է գերմանական ASIIN գործակալության հետ համատեղ. Մասնավորապես, հավատարմագրվել են Կենսաբանության ֆակուլտետի և Ֆարմացիայի ինստիտուտի «Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա» (բակալավրական), «Ընդհանուր և բժշկական կենսաքիմիա» (մագիստրոսական), «Ֆարմացիա» (բակալավրական), «Ֆարմացիա» (մագիստրոսական) կրթական ծրագրերը: 

ԵՊՀ ռեկտորի խոսքով՝ այժմ իրականացվում է Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի 6 կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրման գործընթաց։ 

Անդրադառնալով կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրմանը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ միջազգային հավատարմագրումը ԿԳՄՍ  նախարարության կողմից կարևորվող հիմնական ուղենիշներից է: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում