ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ողջունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու վերաբերյալ Բրյուսելի որոշումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։
Ռուբիոն նաև ընդգծել է «անդրատլանտյան անվտանգության ամրապնդման անհրաժեշտությունը, Եվրոպային կոչ է արել մեծացնել պաշտպանական ծախսերը և ուշադրություն դարձնել այն մարտահրավերներին, որոնք ներկայացնում է Չինաստանը»:
Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարը և եվրոպական դիվանագիտության ղեկավարը քննարկել են Վաշինգտոնի և Բրյուսելի միջև «ընդհանուր առաջնահերթությունների» շուրջ համագործակցության խորացումը։
Ավելի վաղ Կալասը հայտարարել էր, որ Եվրամիությունում աշխատում են հակառուսական պատժամիջոցների 16-րդ փաթեթի վրա, որոնց մեջ պլանավորվում է ներառել օբյեկտների լայն շրջանակ՝ հեղուկացված բնական գազից մինչև խաղային կոնսոլները։