Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ՝ հանդիպելու աշխատակազմին, գիտական համայնքի ներկայացուցիչներին և քննարկելու ոլորտում առկա խնդիրները։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է ոլորտին վերաբերող հարցերի բաց քննարկումները և արդյունավետ երկխոսությունը։ Նախարարը շեշտել է գիտության ոլորտի քննարկումներում հասարակագիտական, հումանիտար և բնագիտական ուղղությունների միջև համաչափության պահպանման անհրաժեշտությունը։
«Կարևոր եմ համարում քննարկումների և հանրային խոսույթի ձևավորումը` հումանիտար և հասարակագիտական բնագավառների նշանակության վերաբերյալ` հաշվի առնելով այս ուղղությունների ազդեցությունը հասարակության զարգացման համատեքստում։ Գիտության ոլորտում համաչափության պահպանումը առաջնային խնդիր է, որը կարևոր է նաև հանրային ավելի լայն շրջանակներում ոլորտային տեսանելիությունը բարձրացնելու տեսանկյունից»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ ԲՏՃՄ ուղղությունների զարգացման մասին վերջին շրջանում ավելի շատ է խոսվում, ինչը սակայն չի նշանակում, թե հասարակական և հումանիտար ուղղությունների զարգացումը գիտության զարգացման օրակարգում երկրորդական է դիտվում:
Նախարարը կարևորել է նաև բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում նախատեսվող փոփոխությունների, դրանց առնչվող խնդիրների շուրջ մասնագիտական կարծիքներն ու անկեղծ քննարկումները` հետագա անելիքներն ու առաջնահերթությունները կանխորոշելու տեսանկյունից։
Անդրադառնալով Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գործունեությանը՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ինստիտուտի գիտաշխատողներին՝ հետաքրքիր, բարդ ու պատասխանատու աշխատանքի համար, որի արդյունքն ու ձեռքբերումը նկատելի են ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային հարթակներում:
«Ձեր անմիջական ջանքերով 29 տարի անց Արագածոտնի մարզի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտի վերաբերյալ հայտը ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում, որը ոլորտի համար մեծ ձեռքբերում է։ Միասին դեռ շատ անելիքներ ունենք»,- ասել է նախարարը։
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը տեսասահիկով ներկայացրել է կառույցի գործունեությունը, ձեռքբերումները, առկա խնդիրները։
Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձևաչափով. գիտնականները նախարարին բազմաթիվ հարցեր են ուղղել, որոնք վերաբերել են ինստիտուտի կարիքների գնահատմանը, ակադեմիական քաղաք ծրագրին, բուհական և ակադեմիական կառույցների միջև համագործակցության ճկուն և գործուն մեխանիզմների ներդրմանը, ապագա մասնագետների պրակտիկ գործունեությանը, հուշարձանների պահպանությանը և այլ խնդիրների։
Գիտնականներն առանձնակի կարևորել են նաև գիտական աշխատանքի արդյունավետության չափելիությունը, գիտական աշխատանքի խրախուսումնն ու գնահատումը։ Անդրադարձ է եղել նաև գիտնականների ատեստավորմանը, միջազգային գիտաժողովներին մասնակցությանը, տեղական և միջազգային գիտական հանդեսներում, այդ թվում՝ «Սկոպուս» գիտական շտեմարանում հրապարակումներին, ինչպես նաև ոլորտում սոցիոմշակութային մարդաբանությունը որպես նոր ուղղություն ներդնելու կարևորությանը, հայկական գիտական ինդեքսավորման համակարգի ստեղծմանը, հայագիտության կարևորմանն ու զարգացմանը։