Հայաստանը տարածաշրջանային ապաշրջափակումը համարում է ոչ միայն խաղաղության օրակարգի բաղադրիչներից մեկը, այլև որպես լոգիստիկ, տարանցիկ ուղիների ներուժի ամբողջական իրացման հնարավորություն, որի ամբողջական էությունն արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։
Այս մասին նշվում է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության՝ Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցում, որը բացառիկության սկզբունքով հրապարակել է «Արմենպրես»-ը՝ հայերեն և անգլերեն:
Փաստաթղթում ընդգծվում է՝ տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի մրցավազքում թե տարածաշրջանային և թե արտատարածաշրջանային դերակատարների գործողությունները 2025 թվականին, ամենայն հավանականությամբ, կշարունակեն տեղավորվել ռեգիոնում սեփական քաղաքական ազդեցությունը պահպանելու կամ մեծացնելու տրամաբանության մեջ, ինչը Հայաստանի համար կարող է ստեղծել անվտանգային լրացուցիչ ռիսկեր։
«Ի տարբերություն որոշ կենտրոնների, որոնք տարածաշրջանի ապաշրջափակումը դիտարկում են մրցակցային և քաղաքական ազդեցությունների տեսանկյունից, Հայաստանը տարածաշրջանային ապաշրջափակումը համարում է ոչ միայն խաղաղության օրակարգի բաղադրիչներից մեկը, այլև որպես լոգիստիկ, տարանցիկ ուղիների ներուժի ամբողջական իրացման հնարավորություն, որի ամբողջական էությունն արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։
Թուրքիայի և Ադրբեջանի հետ երթուղիների, տարանցիկ հնարավորությունների ամբողջական ապաշրջափակումը ոչ միայն տարածաշրջանի կայունության կարևոր երաշխիքներից է, այլև, հաշվի առնելով ներկա աշխարհաքաղաքական և ռեգիոնալ իրողությունները, մեր տարածաշրջանը Եվրասիա մայրցամաքի կարևոր և ապահով լոգիստիկ հանգույցներից մեկը դարձնելու իրական հնարավորություն ունի»,-նշում է ՀՀ ԱՀԾ-ն։
Ծառայությունը նկատում է նաև, որ Հայաստանի համար կարևոր տնտեսական մարտահրավեր են առևտրային որոշ գործընկերների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ գործող պատժամիջոցները, որոնց հետևանքով երկրի առկա տնտեսական ներուժի օգտագործումը սահմանափակված է երկրորդային պատժամիջոցների ռիսկերով։
«Երկրորդային պատժամիջոցների ավելացման պայմաններում Հայաստանի տնտեսությունը կբախվի նոր սահմանափակումների։ 2025 թվականին թե Ռուսաստանի, թե Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը կամ մեղմացումը, որը Հայաստանի տնտեսության համար կունենա էական ազդեցության ներուժ, գնահատում ենք քիչ հավանական, հետևաբար՝ երկրորդային պատժամիջոցներով պայմանավորված ռիսկերը Հայաստանի համար 2025 թվականին արդիական կմնան։ Մյուս կողմից, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարունակական կիրառման, ռուս-ուկրաինական հակամարտության և էական այլ գործոնների համադրությունը բարձրացնում է Ռուսաստանում տնտեսական աճի դանդաղման հավանականությունը, հավելյալ ռիսկեր ստեղծում նաև Հայաստանի տնտեսության համար»,-նշվում է ծառայության զեկույցում։