ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգություն է հայտնել, որ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված իրավիճակը կարող է սրվել՝ շեշտելով, որ Իրանը պետք է հստակ ցույց տա, որ չի ձգտում միջուկային զենք ունենալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովում։
«Հուսով եմ, որ Իրանը պարզ գիտակցում է, որ պետք է հստակորեն ցույց տա, որ չի ձգտում միջուկային զենք ունենալ», - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը:
Միևնույն ժամանակ, Գուտերեշի կարծիքով, փոխարենը Թեհրանը պետք է հնարավորություն ստանա ավելի ակտիվ առևտուր իրականացնել աշխարհի երկրների հետ։
«Սակայն առկա է այն բանի հավանականությունը, որ իրադրությունն այս կերպ չզարգանա, այլ սրվի դեպի հակամարտություն, որը կարող է ընդգրկել ողջ տարածաշրջանը», - զգուշացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Այս հայտարարությունները հնչել են Իրանի նկատմամբ կոշտ մոտեցում ցուցաբերելու և երկրի դեմ ակտիվորեն պատժամիջոցներ սահմանելու՝ ԱՄՆ նոր վարչակազմի պլանների մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունների ֆոնին։
Իրանական կողմը քանիցս հայտարարել է, որ իր միջուկային ծրագիրը հետապնդում է միայն խաղաղ նպատակներ։