Մշակույթ

Արմեն Թութունջյանի «Ջազը Հայաստանում» գիրքը լույս է տեսել անգլերեն լեզվով

2 րոպեի ընթերցում

Արմեն Թութունջյանի «Ջազը Հայաստանում» գիրքը լույս է տեսել անգլերեն լեզվով

Անգլերենով հրատարակվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, անվանի ջազմեն, թմբկահար, ջազի պատմաբան, «Չիկոն և ընկերները» ջազային խմբի հիմնադիր և ղեկավար, «Ջազի ժամ» հեռուստահաղորդաշարի հեղինակ և վարող լուսահոգի Արմեն Չիկո Թութունջյանի հեղինակած «Ջազը Հայաստանում» գիրքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2014 թվականին այն հրատարակվել էր ռուսերեն, իսկ 2018 թվականին՝ հեղինակի մահից հետո, թարգմանվել և լույս էլ տեսել հայերեն: «Ջազը Հայաստանում» գիրքը մանրամասն ներկայացնում է Հայաստանում էստրադային և ջազային երաժշտության ծագման ու զարգացման 85-ամյա պատմությունը: Գրքում ներկայացված են ավելի քան 50 նշանավոր երաժիշտի ստեղծագործական դիմանկարները, շուրջ 80 երաժիշտ կատարողի ստեղծագործական սեղմ կենսագրությունները: Հատուկ ուշադրության է արժանացել հայկական ծագում ունեցող նշանավոր ջազմենների ստեղծագործական գործունեությունը:

Արմեն Թութունջյանի «Ջազը Հայաստանում» անգլերեն գրքում տեղ են գտել ավելի քան 500 հազվագյուտ արխիվային լուսանկար, ինչպես նաև շուրջ 70 հատուկ QR կոդ, որոնց միջոցով ընթերցողը կարող է դիտել և ունկնդրել հայաստանյան ջազարվեստի լավագույն նմուշները: Ներկայացվող գիրքը եզակի է թե՛ մասնագիտական, թե՛ գեղարվեստական առումներով, այն Հայաստանում ջազի պատմությունը ներկայացնող դեռևս միակ նմանօրինակ աշխատությունն է:

Գրքի անգլերեն հրատարակությունն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տրամադրած դրամաշնորհային ծրարգրի շրջանակում: Գիրքը հրատարակել է «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում