«Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն

5 րոպեի ընթերցում

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ու Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն հանդիսավորությամբ բացել են ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում վերանորոգված և ժամանակակից սարքավորումներով հագեցած կահույքագործության ուսումնական կենտրոն-արհեստանոց: Անազատության մեջ գտնվողներն արհեստանոցում կահույքագործ-վարպետի մասնագիտական դասընթացների շնորհիվ լիովին տիրապետելու են արհեստին, հնարավորություն են ունենալու տեղում համապատասխան կահույք սարքելու: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, արհեստանոց-լսարանի գաղափարը մտահղացել և իրականացվել է Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի համագործակցության շրջանակում իրականացվող «Ազատությունից զրկված անձանց վերասոցիալականացման ծրագրի իրականացում, իրավունքների պաշտպանության ամրապնդում» ծրագրով: Այն կազմակերպվել և իրականացվել է ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: 

Խոսելով դատապարտյալների զբաղվածության ապահովման և վերասոցիալականացման անհրաժեշտությունից՝ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին այս ծրագիրը կյանքի կոչելու համար՝ համոզմունք հայտնելով, որ այս ուղղությամբ համագործակցությունը շարունակական է լինելու: Անդրադառնալով «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կատարած աշխատանքին՝ նախարարը մյուս քրեակատարողական հիմնարկներում ևս մոտ ապագայում զբաղվածության բազմապրոֆիլ կենտրոններ ունենալու հույս է հայտնել: Նա նշել է, որ այդ կենտրոնները ազատությունից զրկված անձանց համար այնպիսի պայմաններ են ապահովում, որ ազատ կյանքում հնարավորություն է ընձեռվում գտնել աշխատանք և արժանապատիվ կյանք ունենալ։ Նա ևս մեկ անգամ հիշեցրել է վերասոցիալականացման ծրագրերի իրականացմանն ուղղված կամքի առկայության մասին։ 

Ըստ աղբյուրի՝ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, խոսելով Սևան քրեակատարողական հիմնարկում փայտամշակման ուսումնական կենտրոնի մասին, այն կոչել է մարդու իրավունքների վերականգնման և վերաինտեգրման սկզբունքներին ԵԽ հավատարմության մասին վկայող հերթական քայլ։ Նա շեշտել է, որ իրենց գործունեության և համագործակցության հիմքում իրական մարդիկ են, այս պարագայում՝ ազատությունից զրկված մարդիկ։ Նա հույս է հայտնել, որ մասնագիտական այս կենտրոնը նպաստելու է հասարակության մեջ նրանց վերափոխման հնարավորությանը։ ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը նշել է, որ ուսուցման նման ծրագրերը կարող են էապես կրճատել կրկնահանցագործությունը, բարելավել հասարակական համերաշխությունը և նպաստել ավելի անվտանգ հասարակության կայացմանը։ Եզրափակելով՝ նա հավելել է, որ Եվրոպայի խորհուրդը հպարտ է, որ աջակցել է փայտամշակման այս կենտրոնի ստեղծմանը, որը ներառում է նաև ժամանակակից մեքենաներ, սարքավորումներ։ 

Ծրագրի վերաբերյալ խոսել են ՀՀ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանը:

ՀՀ ԱՆ տեղեկացմամբ՝ 2022 թվականից սկսած՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում իրականացվում է կահույքագործության հմտություններ դասընթացը, որին մինչև 2024 թվականը մասնակցել է 60 անձ։ Դասընթացներն իրականացվում էին «Սևան» ՔԿՀ-ի կողմից տրամադրված տարածքում, որը հագեցած չէր համապատասխան սարքավորումներով: 2024 թվականի ընթացքում Հայաստանում Եվրոպայի խորհրդի աջակցությամբ և ֆինանսավորմամբ վերանորոգվել է «Սևան» ՔԿՀ-ում գտնվող մոտ 190 քմ տարածք, ինչպես նաև ձեռք են բերվել նոր հաստոցներ և սարքավորումներ։

Այս ծրագիրն իրականացվել է Եվրոպայի խորհրդի «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդման ծրագրի» շրջանակներում։

Հայերեն

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից