Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում, անդրադառնալով բանակից ապօրինի կերպով ազատվածների և բանակում ծառայելուց խուսափողների թեմային, կարծիք հայտնեց, որ այդ ամենը տղաների մոտ դեռ փոքր տարիքից ի հայտ է բերում լրջագույն խնդիրներ, որոնք խորքային լուծումներ են պահանջում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին խոսեց՝ անդրադառնալով նախազորակոչային տարիքի տղաների բժշկական հետազոտությունների և ամբուլատոր տվյալների թվայնացման վերաբերյալ նախագծին:
«Մենք գիտենք, որ զորակոչային գործընթացներ մուտք գործելու պահից մեր տղաների շրջանում զանգվածայնորեն հիվանդություններ են ի հայտ գալիս։ Այս որոշման իմաստն այն է, որ այն հետազոտությունները, որոնք արվում են, արխիվացվեն, որպեսզի եթե 17 տարեկանում հանկարծ հիվանդություն ի հայտ գա, որն ազատում է զորակոչային պարտականությունից, մենք հնարավորություն ունենանք նայելու՝ ինչպե՞ս եղավ, որ ամբողջ կյանքը երեխան առողջ է եղել, մեկ էլ 18 տարեկանը լրանալուց երկու ամիս առաջ հիվանդությունների փունջ է հայտնվում»,-նշեց Փաշինյանը՝ նկատելով, որ սա անվտանգության, ինչպես նաև հակակոռուպցիոն պայքարի հետ կապված խնդիր է։
Վարչապետի կարծիքով՝ բանակից ազատվելու այդ 30-ամյա պրոցեսի բերած շերտերը մարդիկ ամբողջությամբ չեն գիտակցում։ Նրա խոսքով՝ հանրության մի մասը գիտի, հասկանում է, որ ապօրինի կերպով ազատվել է բանակից կամ նրանց ծանոթները գիտեն, որ ինքն ապօրինի կերպով է ազատվել բանակից, սա որոշակի հոգեբանական արգելքներ է ձևավորում։
Վարչապետի խոսքով՝ այդպես մեր իրականության մեջ ավելի ու ավելի նկատելիորեն աղջիկներն ավելի մրցունակ են դառնում, քան տղաները, և դա բոլոր առումներով՝ կրթության, ինտելեկտուալ, կազմակերպչական, ստեղծարար աշխատանքի մեջ:
«Մեր իրականության մեջ աղջիկներն ավել որակյալ աշխատուժ են դառնում, քան տղաները: Ես ինչ-որ առումով սկսել եմ մտածել, որ դա կապ ունի այս երևույթի հետ, որովհետև 15 տարեկանը լրանում է, դեֆորմացիայի պրոցես է սկսվում: Ես ճանաչում եմ մարդկանց, որոնք մինչև զորակոչային խնդիրների առաջ կանգնելը տաղանդավոր, հեռանկարային տղաներ էին, և ես համոզված էի, ակնհայտ էր, որ իրենք այս կյանքում մեծ ճանապարհ պետք է անցնեն: Բայց այն պահից, երբ սկսվում է կեղծիքը կեղծիքի հետևից, և կեղծիքը փակելու համար ստեղծվում է նոր կեղծիք, այդ մարդիկ ընդհանրապես մրցունակ չեն լինում: Շատ ցավալի է: Սա Հայաստանում կրկնված հազարավոր, տասնյակ հազարավոր դեպքեր են: Ընդ որում՝ մեր իրականության մեջ տղաներին հովանավորելու, «փշի-փշի» անելու, «բամբակի մեջ պահելու» երևույթը խայտառակ երևույթ է»,-ընդգծեց վարչապետը:
Նրա դիտարկմամբ՝ աղջիկներն այս ամենից ազատ են․ «Ընդհակառակը, մենք նրանց համար անընդհատ ստեղծում ենք իրավիճակ, որ իրենք ապացուցելու բան ունեն, որովհետև նրանց ոչ մեկ չի հովանավորում, ոչ մեկ չի ասում՝ վայ, վայ, վայ, ճաշիկը, ճաշիկը կուտե՞ս, թե՞ չես ուտի։ Սա խորը դեգրադացիա է առաջացրել, որը տեսանք նաև մարտական իրադրություններում: Հետո տեսնում ենք այդ մարտական իրադրությունները գնահատելու հանրային ընկալման մեջ»,- ասաց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս պրոբլեմը պետք է լուծել. տղաների 60 տոկոսին կյանքի մեկնարկում դնում են ոչ լեգիտիմ իրավիճակի մեջ ու դեգրադացնում նրանց հետագա կյանքը:
«Այստեղ պարզ լուծումներ չկան: Մենք այսբերգի վերևի հատվածի մասին ենք խոսում, իսկ խորքում տեղի են ունենում պրոցեսներ, որոնք մեզ համար լրջագույն խնդիրներ են առաջացնում»,- նշեց վարչապետը:
Փաշինյանի մոտեցմամբ՝ այս հարցերում, սակայն, լուծումները պարզ չեն․ կամ պետք է մեխանիզմներն այնքան կատարելագործվեն, որ որևէ սողանցք չլինի սրանից փախչելու համար, կամ եղած ոչ լեգիտիմ իրավիճակները որոշակիորեն լեգիտիմության հանրային պայմանավորվածության դաշտ բերվեն։
«Վերջին տարիներին սրա շուրջ խորը բանավեճ, կռիվ կա: Մեկն այն մասին է, որ ովքեր ապօրինի հսկայական միջոցներ են ծախսում ոչ լեգիտիմ իրավիճակում հայտնվելու համար, մենք ինչ-որ սխեմաներ ստեղծենք, որ հանրային որոշակի պայմանավորվածություն ձևավորվի այս հարցը լուծելու համար: Խոսքը որոշակի վճարումների մասին է, որը կուղղվի մյուսներին, որոնք ծառայում են: Մեր բնակչության արական հատվածի մի զգալի մասի հոգեբանությունը հենց կյանքի մեկնարկին դեֆորմացվելու շատ մեծ ճնշում է ստանում: Դրա արդյունքը լինում է ներքին թերարժեքությունը և ներքին թուլությունը: Պաթոսի ներքո մենք մարդկանց առաջնորդում ենք գողության, խարդախության»,-ասաց նա:
Վարչապետի կարծիքով՝ աղջիկների մրցունակությունն աճում է, և առաջիկա տարիներին այս պրոցեսը անխուսափելիորեն գնալու է:
«Ասում են՝ քվոտա սահմանենք կանանց համար: Ոչ մի քվոտայի կարիք չկա, աղջիկները ամենաթոփ տեղերից ոչ թե դուրս են մղելու տղաներին, այլ թափուր է լինելու այդ տեղը, քանի որ այդ տեղը զբաղեցնելու վիճակի տղաներ չեն լինելու ուղղակի։ Մենք այս երևույթը տեսնելու ենք առանց քվոտայի, առանց ԵՄ ծրագրերի, առանց ֆեմինիստական շարժումների և այլն: Եվ դա մենք մեր ձեռքով արել ենք: Ես դժգոհ չեմ, որ աղջիկների մրցունակությունն աճում է, ես դժգոհ եմ, որ դա վատ սոցիալ-հոգեբանության պատճառով է այդպես»,-նշեց վարչապետն՝ ընդգծելով, որ սրա մասին անհարժեշտ է լրջորեն մտածել։